ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում փոխվել ու վերափոխվել են բազմաթիվ համակարգեր, շատ հարաբերություններ ու կառույցներ։ Սակայն գրեթե անփոփոխ է մնացել քաղաքական հարաբերությունների մշակույթը։ Ինչպես նախկինում, այնպես էլ նոր Հայաստանում մենք տեսնում ենք քաղաքական ընդդիմախոսության նկատմամբ անհանդուրժող, թշնամանքի հասնող վերաբերմունք։

Մենք դեռևս չենք ձևավորել քաղաքական հարաբերությունների նոր մշակույթ, մինչդեռ նոր քաղաքականության, նոր որակի իրավաքաղաքական հարաբերությունների համար դա կենսական նշանակություն ունեցող խնդիր է։

Քաղաքական նոր մշակույթի ձևավորման հարցում անելիք ունենք բոլորս՝ քաղաքական համակարգի բոլոր մասնակիցներս, իշխանությունը՝ գուցե առաջին հերթին, սակայն նաև ընդդիմությունը, խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության միավորները, մամուլը։

Խորհրդարանական կառավարման համակարգը, իր բոլոր թերություններով հանդերձ, եզակի հնարավորություն է ստեղծելու իրապես ժողովրդավարական, մասնակցային քաղաքականության վրա հիմնված պետություն ու հասարակություն։ Սակայն խորհրդարանական կառավարման համակարգը չի զարգանում ինքնին, դրա զարգացման համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր մտածողություն, նոր գործիքներ ու նոր քաղաքականություն։

Առանց այլակարծության ու առանց ընդդիմախոսության խորհրդարանական համակարգը չի կարող զարգանալ, առանց քննադատության այն կլինի տձև։ Եվ ուրեմն, քննադատությունը, առողջ քննադատությունը խորհրդարանական համակարգի շարժիչ ուժերից մեկն է։

Կոչ եմ անում բոլոր գործընկերներիս, Ազգային ժողովի խմբակցությունների բոլոր պատգամավորներին, նաև կառավարության անդամներին քննադատությանն ու մրցակցությանը վերաբերվել որպես նոր Հայաստանի նոր քաղաքական մշակույթի կարևորագույն բաղադրիչի, չչարանալ քննադատությունից և քննադատությանը չպատասխանել իռացիոնալ ատելությամբ։

Մենք՝ ԱԺ պատգամավորներս, պատմական առաքելություն ունենք ձևավորելու նոր քաղաքական մշակույթ, նախկին արատներից զերծ քաղաքական մշակույթ, որը հիմք է դառնալու Հայաստանում պառլամենտարիզմի ավանդույթների կայացման ու հաջորդ սերունդներին փոխանցման համար»։