Քանի օր է՝ հետևում էի Կառավարության ծրագրի քննարկումներին Ազգային ժողովում: Ծրագրի մասին շատ եմ արտահայտվել:

Այդ քննարկումներին վարչապետի եզրափակիչ ելույթին ուզում եմ առանձին անդրադառնալ:

Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից:

Այո՛, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ: Դա վիրավորանք է մեզ համար:
Էլի դատարկ մեղադրանքներ, որոնց մասին այս 10 ամսվա ընթացքում, գործի դնելով ողջ ռեպրեսիվ պետական ապարատը, այդպես էլ որևէ փաստական ապացույց չկա:

Նույն Եվրոպական միության հետ համաձայնագրի իրականացման լճացած վիճակն առ այսօր ոչ միայն կոնկերտ գործողությունների, այլ անգամ ճանապարհային քարտեզի բացակայությունը Փաշինյանի խոսքերի և գործերի միջև առկա, Մեծ Կանյոնի չափ խորը անդունդի մասին վկայությունն է:

Ցավում եմ իմ երկրի Ազգային ժողովի հեղինակության համար, որտեղ կառավարության ղեկավարը թույլ է տալիս իրեն նման տոնով և ոճով խոսել պատգամավորների հետ և ընդդիմախոսների մասին:

Այս իշխանություններն ունակ չեն հանդուրժելու անգամ այն մեղմ քննադատությունը, որ հնչեց իրենց հասցեին Ազգային ժողովի դահլիճում:

Ի մի բերելով այս քննարկումները և կառավարության ծրագրի քվեարկությունը՝ փաստենք, որ մոտակա տարիներին Հայաստանում շարունակելու է լավանալ միայն Նիկոլ Փաշինյանի շրջապատի կյանքը, իսկ ժողովրդին մնում է ապավինել«եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքին:

ՀԳ. Եվ վերջում մի վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար․ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու: Հանգիստ նստեք տեղներդ: