ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ տնտեսական ներդրումային փաթեթով էր Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեկնել Գերմանիա։ Գնալով համոզվում եմ, որ Հայաստանի նոր իշխանությունը չունի Հայաստանի տնտեսության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հայեցակարգ։

Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը Գերմանիա պաշտոնական այցի հնարավորություն չի ունեցել։ Հայաստանի նոր իշխանությունը, սակայն, ամենաապաշնորհ կերպով օգտագործեց այս այցի հնարավորությունը։

Հարցս ուղղում եմ կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներին՝ Գերմանիայի հետ հարաբերություններում տնտեսական բաղադրիչն առաջնային հռչակած Հայաստանի իշխանությունը վարչապետի պաշտոնական այցի ընթացքում տնտեսական որևէ նախագիծ, ներդրումային որևէ ծրագիր պատրաստե՞լ է հատուկ այս այցից առաջ՝ հենց այս այցի համար։ Եթե այո՝ որևէ առարկայական պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է։

Հարցս հռետորական է, և պատասխան չեմ ակնկալում, որովհետև արդեն հայտնի է, որ ոչ մի ներդրումային առաջարկ հայկական կողմը գերմանացիներին չի ներկայացրել։

Կարծում եմ արժե ներկայացնել միայն անցյալ տարի Գերմանիայի կատարած ներդրումները և ծրագրերը հարևան Վրաստանում և Ադրբեջանում։

2018թ. ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գերմանիան Վրաստանին 150 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի առաջին ստորգետնյա գազապահեստարանը կառուցելու համար: Վարկն արդեն ձևակերպել են գերմանական KFW բանկն ու Վրաստանի նավթագազային կորպորացիան: Գերմանիայի և Վրաստանի միջև ստորագրվել են նաև ավելի քան 190 մլն եվրո արժողությամբ ներդրումային համաձայնագրեր՝ ուղղված գազապահեստարանի, ինչպես նաև ջրամատակարարման ու կոյուղատար համակարգերի կառուցմանն ու վերազինմանը:

Նույն ժամանակահատվածում Մերկելի Բաքու կատարած այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ԵՄ էներգետիկ մատակարարման համար Հարավային (գազային) միջանցքի (SGC) բացման շուրջ։ Այս համաձայնագրի շրջանակում Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կկարողանա ամրապնդել համագործակցությունը Բաքվի հետ էներգակիրների ոլորտում: Ակնկալվում է, որ մինչև 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա կմեկնարկի արդեն 2020 թվականին»: