Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանկապարտեզը և երեխաները խմբի ծնողների ամենից հաճախ տրվող հարցերին իմ նախաձեռնությամբ պատասխանել է քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունը:

Հարց 1. Որքա՞ն գումար է ամսական վճարում պետությունը յուրաքանչյուր երեխայի համար, և ի՞նչ է պարտավոր այդ գումարի սահմաններում տրամադրել մանկապարտեզը:
Արդյո՞ք այդ գումարով նախատեսված է նաև սպասքի, անկողնու սպիտակեղենի, գրենական պիտույքների և հիգիենայի պարագաների տրամադրում երեխաներին:

Պատասխան. Մեկ երեխայի համար մանկապարտեզը ֆինանսավորվում է 22.500 դրամով, ինչպես նաև հաստատությունները յուրաքանչյուր ամիս ֆինանսավորվում են 650.000 դրամով՝ շենքի պահպանման ծախսերը հոգալու նպատակով: Տնտեսական ապրանքների ձեռքբերման նպատակով՝ 2018 թ. յուրաքանչյուր խմբին /33-35/ հատկացվել է 147.000 դրամ՝ մեկ տարվա համար:
Գրենական պիտույքների, սպասքի, անկողնային սպիտակեղենի ծախսերը նախատեսվում են ըստ հաստատության ֆինանսական միջոցների հնարավորության:

Հարց 2. Մանկապարտեզներն ազա՞տ են սննդակարգը, մասնավորապես՝ ճաշացանկը որոշելիս: Թե՞ գոյություն ունեն սահմանված չափանիշներ:

Պատասխան. Մանկապարտեզների սննդակարգը կազմվում է ՀՀ առողջապահության նախարարի հ.42-Ն հրամանով սահմանված պահանջներով:

Հարց 3. Ցանկության դեպքում ծնողն իրավունք ունի՞ ծանոթանալ մանկապարտեզի ֆինանսական մուտքերին և կատարված ծախսերին: Եթե այո, ապա՝ ինչպե՞ս:

Պատասխան. Մանկապարտեզների ֆինանսական հաշվետվությունները տեղադրված են Yerevan. am կայքի «ֆինանսական» բաժնում (https://www.yerevan.am/am/finance-docs/)

Հարց 4. Որո՞նք են մանկապարտեզի աշխատաժամերը: Ի՞նչ անեն աշխատող մայրերը, եթե մանկապարտեզից հարկադրում են երեխային վերցնել 17:30, իսկ մայրերը, շատերի պես, աշխատում են մինչև 18:00: Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել այս խնդիրը լուծելու համար:

Պատասխան. Երևանի ենթակայության մանկապարտեզներում աշխատանքային ժամերը սահմանված են Երևանի քաղաքապետի՝ 30.11.2011 թ. հ.2833-Ա որոշմամբ՝ ըստ որի մանկապարտեզում երեխայի ն պահելու տևողությունը ժ. 08:30-ից մինչև 17:30-ն է:
Վերոնշյալ որոշմամբ հաստատված է թվով 38 մանկապարտեզների ցանկը, որտեղ երեխային պահելու տևողությունը սահմանված է մինչև ժ. 19:00-ն: Կարող եք տեղեկանալ քաղաքապետարանի կայքից:

Հարց 5. Երևանի քաղաքապետի 31.08.2017թ.-ին ընդունած 2973-Ա (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N1101-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ) որոշման հիման վրա` 2.1. Երեխայի նախադպրոցական հաստատություն (մանկապարտեզ) հաճախելու համար հաշվառումն /հերթագրում/ իրականացվում է երեխայի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո, ընդ որում մինչև 3 տարեկան երեխաների հաշվառումը և ընդունելությունն իրականացվում է տվյալ մանկապարտեզում 2-ից մինչև 3 տարեկան տարիքային փուլի համար անհրաժեշտ նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում: (https://www.yerevan.am/am/mayors-decisions/2973-a-1/)
Ծնողների պնդմամբ, այս որոշման պատճառով մանկապարտեզի տնօրենները կամայականորեն են մոտենում 2 կամ 3 տարեկանը չլրացած երեխաների ընդունելության հարցում, որի արդյուքում, օրինակ, 2 տ 10 ամսական երեխան հարկադրված է լինում սպասել ևս մեկ տարի: Բացի այդ, հերթագրման ուշ մեկնարկի հետևանքով երեխայի հերթը կարող է հասնել, երբ նա արդեն դուրս է եկել նախադպրոցական տարիքից:
Արդյոք նպատակահարմար չէ՞ չեղյալ ճանաչել տվյալ որոշումը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը հերթագրման իրավիճակը շտկելու համար:

Պատասխան. Երևանի քաղաքապետի 2973-Ա որոշումը սահմանել է մանկապարտեզներում երեխաներին հերթագրելու ու ընդունելու տարիքը, որը չի խոչընդոտում հաստատությունների բոլոր տարիքային խմբերի համալրումը:
Վերջին երկու տարիներին առաջնահերթությամբ մանկապարտեզներ են ընդունվում ավագ նախադպրոցական տարիքի հերթագրված երեխաները:
Հանրակրթության վարչությունը ներկայացնելու է առաջարկ՝ վերոնշյալ որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Հարց 6. Եթե երեխան տեղափոխվել է բնակության այլ վարչական շրջան, հնարավո՞ր է նրա հերթագրման արդյունքը տեղափոխել այդ շրջանի մանկապարտեզ, որպեսզի երեխան նորից չհայտնվի հերթի վերջում:

Պատասխան. Երեխայի հերթագրման տեղափոխության գործընթաց չի իրականացվում, քանի որ դրա իրականացումը կխախտի հերթագրված մյուս երեխաների իրավունքները:

Հարց 7. Առողջական կամ այլ պատճառներով մանկապարտեզից երկար ժամանակով բացակայելու պարագայում ի՞նչ պետք է անեն ծնողները, որպեսզի երեխան չհեռացվի մանկապարտեզից:

Պատասխան. Երեխան իրավունք ունի մանկապարտեզից բացակայել տարբեր պատճառներով, սակայն դա չի նշանակում, որ ծնողը կարող է դրսևորել անբարեխիղճ վերաբերմունք: Մանկապարտեզի տնօրենի և ծնողի միջև կնքված պայմանագրում ամրագրված են ծնողի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև երեխայի բացակայությանն առնչվող դեպքերը:

Հարց 8. Պարտադի՞ր են արդյոք միջանկյալ և ավարտական հանդեսները: Արդյո՞ք թույլատրելի է այդ հանդեսների կազմակերպման համար դրամահավաքը:

Պատասխան. Մանկապարտեզներում միջոցառումներն իրականացվում են «Կրթական համալիր» խրագրին համապատասխան, որի կազմակերպման համար դրամահավաքն ԱՐԳԵԼՎԱԾ է:

Հարց 9 Ինչպե՞ս է քաղաքապետարանը պատրաստվում լուծել մանկապարտեզների անբավարար թվի, իսկ եղածների անմխիթար շենքային պայմանների հարցը:

Պատասխան. 2019 թ. թվթվ 13 մանկապարտեզներում նախատեսված է ձևավորել 14 խումբ /Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր-Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում/՝ հիմք ընդունելով մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը և տարածքների առկայությունը: Բացի այդ, տարվա ընթացքում մանկապարտեզներում կբացվեն լրացուցիչ խմբեր: Արդյունքում շուրջ 1000 երեխա կհաճախի մանկապարտեզ:

Հարց 10. Արդյոք կա՞ տարիքային վերին շեմ մանկապարտեզում որպես դաստիարակ աշխատելու համար: Կարո՞ղ է դաստիարակը կենսաթոշակի շահառուի տարիքի լինել:

Պատասխան. Մանկապարտեզներում աշխատակիցների՝ այդ թվում դաստիարակների կենսաթոշակային տարիքն աշխատանքից ազատելու հիմք չի հանդիսանում:

Հարց 11. Ինչո՞ւ մանկապարտեզների հաստիքներում նախատեսված չեն մանկական հոգեբաններ և լոգոպեդներ:

Պատասխան. Երևանի ենթակայության ներառական կրթություն իրականացնող մանկապարտեզների երեխաների կրթադաստաիրակչական աշխատանքներին մասնակցում են նաև հոգեբաններ և լոգոպեդներ:
Հանրակրթության վարչությունը ներկայացրել է առաջարկություն՝ տրամադրելու լոգոպեդի հաստիք բոլոր մանկապարտեզներին:

Հարց 12. Ինչո՞ւ մանկապարտեզները չեն համալրվում ժամանակակից զարգացնող խաղալիքներով: Այս ուղղությամբ աշխատանք տարվո՞ւմ է:

Պատասխան. Մանկապարտեզները հիմնականում ապահովված են երեխայի զարգացմանն ուղղված խաղային միջոցներով և դիդակտիկ նյութերով: Ինչ վերաբերում է դրանց համալրմանը՝ այն կքննարկվի հաստատությունների նախահաշիվների հաստատման ընթացքում»: