Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փրկենք հեղափոխությունը հեղափոխականներից

Դեռևս մայիսին գրել էի, որ հեղափոխությունը պետք է փրկել հեղափոխականներից, որից հետո ինձ մեղադրում էին, թե ինչու եմ նման բան գրել: Եթե այդ ժամանակ փորձեի բացատրել, չէին ընդունի, հիմա երևի արդեն ժամանակն է:

Ինքնաթիռը թռիչքից առաջ անցնում է տեխնիկական թեսթավորում, եթե որևէ ցուցիչ չի համապատասխանում նորմատիվներին, ապա թռիչքը չի կայանում: Նույն բանը "հեղափոխության" ժամանակն էր, "ինքնաթիռը" թեսթավորման նորմատիվներին չէր համապատասխանում: էկիպաժը` հեղափոխականները, բացարձականապես գաղափար չունեին ոչ "ինքնաթիռի" կառուցվածքի, տեխնիկական չափորոշիչների, ավելին` առաջին անգան էին նստում ղեկին ու պատկերացում չունեին երթուղու մասին, ինչը վթարի հավանականությունը մեծացնում էր մինչև դրա կանխորոշվածության աստիճանի:

Ապշեցուցիչ էր "ուղևորների" պահվածքը` նման ինքնաթիռ նստելու ցանկության էյֆորիան:

Դա չի նշանակում, որ իշխանափոխություն չպետք է լիներ, դա մեր փրկվելու միակ շանսն էր և մեզանից շատերը ջանքեր են թափել այդ օրը մոտեցնելու համար:

Հիմա եկել է ընտրության ժամանակը: Մենք սովորական խորհրդարան չենք ընտրում, մենք երկրի ճակատագիրն ենք որոշում, բայց իրականում ընտրելու բան չունենք, այսինքն հեղափոխության շարունակությունը ոչ մի քաղաքական ուժ իր վրա չի վերցնում, ընդամենը իշխելու խնդիր է դրված:

Բա հիմա ինչ անենք:

Հեղափոխությունը պետք է շարունակություն ունենա: Եթե այս կարճ ժամանակում մի քանի մասնակից կուսակցություններ ի վիճակի լինեն հռչակագիր ստորագրել հեղափոխության հետագա օրակարգի (դրա մոտավոր ցանկը գրել եմ, կարելի է լրացնել) և դրանից հետո արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին, ապա կարելի է դրանց ձայն տալ: Սա վերջին տարբերակն է այս փուլում հեղափոխությունը փրկելու համար:

Որքան էլ դաժան չհնչի, այս պահին նույնիսկ ՀՀԿ-ն ավելի հեղափոխական ուժի տպավորություն է թողնում, քան ՔՊ-ն, դա էլ մեր ժամանակի տրագիկոմեդիայի ժանրից է»: