Իրականում ձմեռային ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, քանի որ բացառապես անհարմար պայմաններ են ստեղծում ընտրարշավի համար:

Եթե Հայաստանում դեկտեմբերը լինի ցուրտ, ընտրողների հետ բացօթյա հանդիպումները համարյա բացառվում են, կուսակցություններին մնում է քաղաքներում ու գյուղերում փողոցից փողոց բարձրախոսով շրջելն ու իրենց կարգախոսները բարձրաձայնելը' համարյա առանց ուղղակի շփումների: Առավելագույնը' մեծ քաղաքներում կլինեն հանրահավաքներ: Հազիվ թե ընտրողները հակված են կատարելու իրենց «տնային աշխատանքը»' ինքնուրույն ծանոթանալու կուսակցությունների նախընտրական ծրագրերին, որ հաճախ այնքան ծավալուն ու խրթին են գրվում (մի քանի տողից այն կողմ կարդալ չի լինում): դրա փոխարեն ակտիվ պայքարի մեջ կլինի «ինտերնետի ժողովուրդը», բայց սոցցանցերի շրջագիծը որքան էլ մեծ, տարիքային բացթողում ունի' ընդգրկում է երիտասարդներին, իսկ տարեցներին մնում են թերթերն ու հեռուստացույցը: Չի բացառվում, որ ընտրության ելքը որոշեն ոչ թե նրանք, որ գնացել ու ընտրել են, այլ նրանք, որ չեն գնացել ու չեն ընտրել:

Սա կլինի հետհեղափոխական Հայաստանի թիվ 1 ֆենոմենը, որի դեմ պիտի պայքարեն 11 քաղաքական ուժերը: Ընտրողն է որոշելու 11-N հավասարման պատասխանը: