Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ջոն Բոլթոնի երևանյան այցից հետո Հայաստանի շուրջ բավականին մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, Ն.Փաշինյանի կողմից անպատասխան թողած` «դե ֆակտո Իրանի հետ սահմանը կարող է փակվել»՝ Բոլթոնի հայտարարությունից հետո Իրանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ, ստորագրեց մի պայմանագիր, որի առանցքային դրույթներից մեկը ստորագրող կողմերի տարածքային ամբողջականության անձեռնամխելիությանն էր վերաբերում: Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց էին ձգտում Իրանից նման ստորագրություն ստանալ, ինչը, կարծում եմ, հասկանալի է. Արցախի հետագա կարգավիճակը այս պայմանագրում ձևակերպված է:

Բոլթոնի` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախի հարցը օրակարգ բերելու կարծիք-հրահանգը Ն.Փաշինյանին նույնպես լուրջ քննարկման առարկա դարձավ թե´ մեզանում և թե Մինսկի խմբի անդամ երկրների քաղաքական շրջանակներում: Իսկ մինչ այդ ՀԱՊԿ-ում արդեն հասցրել էինք մեր դիվանագիտական տգիտության պատճառով խնդիրներ ստեղծել կառույցի ներսում` այդ քայլով լրջորեն ստվերելով կառույցի միջազգային հեղինակությունը: Ղազախստանն ու Բելառուսը երբեք չեն թաքցրել իրենց ռազմավարական լուրջ գործընկերային հարաբերությունները ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող (առայժմ) Ադրբեջանի հետ և բնական է, որ նրանք պետք է օգտվեին ստեղծված իրավիճակից, ինչն Ադրբեջանի հետ համագործակցաբար իրականացնում են «սրբորեն» (Լուկաշենկոյի ձևակերպումն է):Ակնհայտ է, որ Ն.Փաշինյանի և այդ կառույցում եղանակ ստեղծող որոշ առանցքային դերակատարների հետ հարաբերությունները, մեղմ ասած, գործընկերային չէ:

Լուկաշենկո-Փաշինյան` միմյանց հասցեին տրված գնահատականները դուրս են դիվանագիտական արարողակարգի սահմաններց: ՆերՀԱՊԿային մթնոլորտի իրական արտացոլումն է նաև այն, որ ՀԱՊԿ պայմանագրի հոդված 17-ի համաձայն, Հայաստանին հասանելիք քվոտան` կառույցի Գլխավոր քարտուղարի հարցում, կարծում եմ, արդեն, կոպիտ ասած, խլել են մեզանից: Ի դեպ, ՀԱՊԿ-ի կանոնադրության 20 հոդվածը նախատեսում է նաև այդ կառույցից անդամ-երկրին հեռացնելու ընթացակարգը… Առավել ևս, որ Ադրբեջանն արդեն ՀԱՊԿ-ի մատույցներում է…

Գուցե Ն.Փաշինյանն անկեղծ չէ՞ր, երբ իշխանություն ձեռք բերելու նպատակով հաշված օրերի ընթացքում հասարակությանը փորձեց համոզել, որ արմատապես փոխել է իր ծրագրային-քաղաքական դիրքորոշումները և ոգևորված սկսեց դիֆերամբներ ձոնել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի և անձամբ Վ.Պուտինի հասցեին՝ մինչ այդ այդ կառույցների և ՌԴ-ի հետ հարաբերությունները դիտելով որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտներ:

Եվ հարց է` Բոլթոնի այցը ընդամենը զուգադիպեց այս վտանգավոր զարգացումների՞ն, թե՞…

Ի դեպ, Ջոն Բոլթոնն ԱՄՆ նախկին փոխնախագահ Չէյնիի հետ կարողացան կրտսեր Բուշի օրոք սանձազերծել Մերձավոր Արևելքում արյունածոր վերքի վերաճած հեղափոխությունների շղթան, ինչը դարձավ 21-րդ դարի հիմնական արհավիրքներից մեկը… Նրանք փնտրում և հիմնական գտնում են այդ ազդեցության գործակալներին, որոնց միջոցով իրականացնում են իրենց ծրագրերը: Եվ գուցե Բոլթոնն արդեն բանաձևել է հանձնարարականը․ Նիկոլը ճիշտ է, ՀԱՊԿ-ը սխա՞լ ․․․

Եվ, ուրեմն, ի գո՞րծ ․․․»։