Վերջին օրերին կրկին զգալիորեն սրվել է իրավիճակն իսրայելապաղեստինյան հակամարտության շրջանակներում: Գազայի հատվածում լարվածությունն աննախադեպ է 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին իսրայելական ԶՈւ-ի կողմից նախաձեռնված «Անխորտակելի ժայռ» ռազմագործողությունից հետո: Այս օրերին, ընդհանուր առմամբ,Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 հրթիռ, որից 100-ը խոցվել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի կողմից, 20-ն ընկել է բնակելի շրջաններում: Ի պատասխան՝ իսրայելական բանակը շուրջ 200 հարված է հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան 2 առանցքային խմբավորումների՝ «Համասի» և «Իսլամական ջիհադի» ենթակառուցվածքների ուղղությամբ. երկու կողմից էլ գրանցվել են զոհերը:
Իրավիճակն այն աստիճանի է սրվել, որ Իսրայելի և ՊԻ ղեկավարներ Բենյամին Նեթանյահուն ու Մահմուդ Աբասն ընդհատել են համապատասխանաբար Ֆրանսիա և Քուվեյթ կատարած աշխատանքային այցերը և շտապ հետ վերադարձել:
Հարկ է նշել, որ Գազայում վերջին սրացման հիմնական պատճառն իսրայելական կողմի հետախուզադիվերսիոն գործողությունն էր, որն ի չիք դարձրեց կողմերին հաշտեցնելու Եգիպտոսի ջանքերը: Այսուհանդերձ, ուշագրավ է միջազգային հանրության ցայժմ բավական պասիվ արձագանքը տարածաշրջանում ծավալվող հակամարտային զարգացումներին: Վերոնշյալի համատեքստում հատուկ ուշադրության է արժանի թուրքական կողմի դիրքորոշումը, որը հնչել է ընդամենը նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի շուրթերով և, ըստ էության, զուրկ է կտրուկ որակումներից ու մեղադրանքներից: Մինչդեռ վերջին սրացումներին նախորդած շրջանում անգամ ոչ այնքան լուրջ միջադեպերին Անկարան արձագանքել է ավելի բարձր՝ նախագահի, վարչապետի կամ ԱԳ նախարարի մակարդակով.մեկ անգամ չէ, որ հատկապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կտրուկ հռետորաբանությունը տևական ճգնաժամ է առաջացրել թուրք-իսրայելական հարաբերություններում: Հետևաբար, ստեղծված իրավիճակը կարելի է հիմնավորել առնվազն 2 տեսանկյունից՝ նախ կարճաժամկետ հեռանկարում Թուրքիայում նախատեսված չէ ընտրական գործընթաց, որի շրջանակում պաղեստինյան հիմնահարցը թուրքական իշխող վարչակարգի նախընտրական հռետորաբանության առանցքային բաղադրիչներից է: Հաջորդ հնարավոր տարբերակը Թուրքիա-Իսրայել հավանական ստվերային պայմանավորվածություններն են՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հնարավոր է նաև ԱՄՆ-ի միջնորդությամբ: