Քանի որ վերջին շրջանում բավականին շատ են ակնարկում Օվերտոնի պատուհանի տեսությունը և շատերի մոտ դրա պրիմիտիվացված/թյուր ընկալում կա, ապա ուզում եմ հակիրճ տալ դրա բնութագիրը և հուշել, թե ինչպես «փակել այն», երբ վատ գաղափարի համար է բացված (օրինակ՝ ադրբեջանասիրության ու պացիֆիզմի քարոզի դեպքում)։

«Օվերտոնի պատուհան» ասվածը ոչ լավ բան է, ոչ էլ վատ։ Այն ընդամենը գործիք է, որը կարելի է կիրառել ինչպես լավ, այնպես էլ վատ բանի համար։ Դանակի պես է․ կարաս հաց էլ կտրել, կարաս մարդ էլ սպանել և արդյունքում դանակը չէ լավը կամ էլ վատը, այլ այն բանեցնողն ու նրա նպատակները։ Սա մի գործիք է, որ այս կամ այն գաղափարի համար հանրության կողմից ընկալման պատուհան է բացում կամ էլ հարկ եղած դեպքում փակում և դրա միջոցով կարելի է ցանկացած գաղափար տաբուից դարձնել նորմա և նորմայից տաբու։ Սա՝ հակիրճ բնութագիրը։

Օվերտոնի պատուհանը «փակելու» համար էլ շատ բան պետք չէ, եթե այն բացվել է վատ գաղափարի համար։ Տեխնոլոգիայի հիմքում երկու հիմնաքարային սկզբունք կա՝ խնդրո առարկայի շուրջ դիսկուրսի ստեղծումը, որը հնարավորինս պետք է նենգափոխել ու կեղծ օրակարգ ձևավորել և այդ դիսկուրսից հնարավորինս դուրս թողնել ադեկվատ մարդկանց/միավորներին։ Եթե ուզում ենք փակել պատուհանը, պետք է հստակ հասկանալ, որ երևույթի սկզբնական փուլում, երբ դեռ հնարավոր է հարցը թողնել տաբուի դաշտում, ապա դրա մասին պետք է լռել ու խստագույնս դատապարտել այն ծավալող «ռադիկալներին», իսկ երբ այն այլևս չի կարող լռեցվել, ապա պետք է խոսել ու մնալ ռացիոնալ, չվախենալ, որ Ձեզ կարող են պիտակավորել (օրինակ՝ ասեն, որ հոմոֆոբ եք, ռազմահայրենասիրական շիզոֆրենիկ, կրոնական ֆանատիկոս և այլն), որովհետև հենց այդ պիտակավորումով են հիմնականում լռեցնում ադեկվատ շերտին։ Դե իհարկե, պետք է նաև լինել զգոն ու որևէ կերպ չտրվել ծայրահեղություններին, որովհետև պատուհանը կարելի է փակել միայն ու միայն ադեկվատությամբ, սթափությամբ ու ողջամտությամբ։