ԱՄՆ իշխանությունները համաձայնել են զիջումների գնալ ութ սուբյեկտների նկատմամբ, համաձայն որի նրանք 180 օր ևս կկարողանան իրականացնել իրանական նավթի ներկրումը, որից հետո հնարավոր չի լինի երկարաձգել այդ ժամկետը: Աղբյուրները նշում են, որ զիջումների դիմաց այդ պետությունները պետք է կրճատեն նավթի ներկրումը, որպեսզի այն չհանգեցնի գնաճի:


Շրջանառվող լուրերի համաձայն Պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակիցները համոզել են պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին՝ չանջատել Թեհրանին տեղեկատվության հաղորդման և SWIFT վճարների կատարման միջազգային բանկային համակարգից, որը միավորում է 11 հազար ֆինանսական հաստատություններ ավելի քան 200 երկրներում։ Նման զիջումները վրդովմունքի ալիք են բարձրացրել ԱՄՆ օրենսդիրների շրջանում, ովքեր Իրանի դեմ կոշտ դիրքորոշման կողմնակիցներ են: Պետդեպարտամենտը և Ֆինանսների նախարարությունը այդ տեղեկությունները չեն մեկնաբանել:

 

ԱՄՆ զիջումները որոշակիորեն հիմնավորվում է եվրոպական երկրների դիրքորոշմամբ, որոնք տարբեր առիթներով նշել են, որ «թույլ չեն տա իրանական տնտեսության փլուզումը»։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ագ նախարարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշում են, որ ՄԱԳԱՏԷ-ի եզրակացության համաձայն, Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակներում: «Մեր նպատակն է պաշտպանել եվրոպական տնտեսվարող սուբյեկտներին, որոնք զբաղվում են Իրանի հետ «լեգիտիմ» բիզնեսով», - ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ եվրոպական երկրները պարտավորվել են աշխատել'պահպանել Իրանի հետ համագործակցությունը և շարունակել Իրանի նավթ ու գազի ներկրումն ու արտահանումը: Կողմերը, մասնավորապես, ընդգծում են որ իրենք շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ, այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի հետ, ինչպես նաև երրորդ երկրներրի հետ, որոնք շահագրգռված են աջակցել Իրանի հետ համաձայնագրին: Հայտարարությունում նշվում է նաև, որ աշխատանքներ են տարվում Թեհրանի հետ գործարքներ իրականացնելու մեխանիզմի ստեղծման համար, որը թույլ կտա եվրոպական արտահանողներին և ներմուծողներին օրինական առևտրով զբաղվել:


Բանն այն է, որ Իրանը կարևոր է Եվրոպայի համար, և ինչպես հայտնի է եվրոպական երկրները դուրս չեն եկել իրանական գործարքից: Դրանից միայն Միացյալ Նահագներն են դուրս եկել: Եվրոպական բիզնեսը շատ ակտիվ գործում է Թեհրանում, այնտեղ բավական շատ ֆրանսիական և գերմանական խոշոր ընկերություններ կան և այս պատժամիջոցների պատճառով շատերը վատ իրավիճակում են հայտնվել: Թեհրանը շահավետ ծառայություններ է մատուցում Եվրոպային:


Հարկ է հիշեցնել նաև, որ ԱՄՆ-ն էլ իր հերթին բավական մեծ կախվածություն ունի Եվրոպայից հատկապես առևտրային հարցերում։
Միացյալ Նահանգները գիտակցում են, որ եթե իրենք չդադարեցնեն ճնշումը դաշնակիցների նկատմամբ և չլուծեն Իրանի հետ խնդիրը, ապա Եվրոպան կսկսի համագործակցել իրենց հիմնական տնտեսական մրցակիցների հետ:
Ամփոփելով կարելի է փաստել, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ուղղված են նրան, որ Իրանը զրկվի շահույթից, իսկ Եվրոպան'իր համար շահութաբեր գործարքներից: Սակայն նման ճնշման դեպքում ամերիկացիները շատ բան կկորցնեն առևտրային բալանսում: Հետևաբար, կանխատեսելի էր ԱՄՆ փոխզիջումային որոշման հասնելը՝ թողնելով եվրոպական երկրները ամերիկյան համագործակցության դաշտում։