Պատմության մեջ այս օրը 1920թ. հոկտեմբերի 30-ին ընկավ Կարսը: Կարսի անկումը հայոց պատմության ամենացավալի էջերից է: Կարսը իր աշխարհագրական դիրքով և ունեցած զենք զինամթերքով ամիսներ շարունակ կարող էր դիմադրել թշնամուն և նկատելիորեն ձախողել նրա պլանները: Կարսի անկման, ինչպես նաև հայկական բանակի հետագա պարտության անմիջական պատճառներից մեկն զինվորական անձնակազմի շրջանակներում առկա հուսահատությունն էր, քանի որ նրանք գիտակցում էին, որ թուրք-հայկական պատերազմի շրջանակներում կռվում են ռուս-թուրքական միացյալ ուժերի հետ: Ահա, թե այդ առումով ինչ է ասում Սիմոն Վրացյանը «...Մի կողմից' ծայր աստիճանի հոգնած, քայքայված և խաղաղության կարոտ հայ ժողովուրդը ուզում էր հավատալ բոլշևիկների հավաստիացումներին, թե ռուսները թույլ չեն տա թուրքերին նոր կոտորածներ անել Հայաստանում, մյուս կողմից' հայ ժողովուրդը, տեսնելով, որ իր դեմ կռվում են և’ թուրքերը, և’ ռուսները, և ինքն իր փոքր ուժերով անկարող է դիմադրել այդ երկու հսկա պետություններին, վհատվել էր ու մատնվել բարոյալքման»

Հ.Գ. Հատկանշական է, որ հայկական բանակում ծառայող բրիտանացի Օլիվեր Բոլդուինն իր հուշերում գրում էր, որ Կարսի բերդից ընդամենը երկու թնդանոթ է մի քանի անգամ կրակել արշավող քեմալականների ուղղությամբ և վերջ...