Հրաժարականի գաղափարի կնքահայր Նիկոլայ Բաղդասարյանը բավական ուշագրավ միտք է հայտնում, որից պարզվում է, որ ավելի շատ հակված է եղել պլեբիսցիտի՝ մեր կարծիքով ամենահեշտ և ճիշտ տարբերակին, բայց մտահոգվելով «միջազգային հանրության» ընդունել-չընդունելու հնարավորությունից՝ ընտրությունը կանգ է առել հրաժարականի վրա:
ԱՄՆ-ում հիմա գործում է նախագահ Թրամփի «Առաջինն Ամերիկան» դոկտրինը, Իտալիայում՝ «Նախ՝ Իտալիան», Իսրայելում՝ Նեթանյահուհի գերազգայնական «Միայն Իսրայելը»: Ու պարզվում է՝ միայն Հայաստանում է ամենաճակատագրական պահին ամենաճակատագրական որոշում ընդունվում՝ «Նախ՝ միջազգային հանրությունը» նոր և ակամա դոկտրինից ելնելով:
Նախ՝ միջազգային հանրությունը որ միասնական մարմին չէ՝ ինչ էլ արվի հեղափոխական ժողովրդի կողմից՝ ընդունելու է: Որովհետև դրսում հայաստանցիներից լավ են հասկանում, որ բռնատիրությունը միայն բռնատերը չէ, դա նաև նրա օրենքներն են և պլեբիսցիտով խորհրդարանը ցրելը՝ լիովին ժողովրդավարական մեթոդ է: Եվ հետո՝ եթե պետք է ճակատագրական հարցերը լուծենք օտարների արձագանքների մասին մտածելով՝ ապա ինչու՞ ենք այլևս հայտարարում որ բոլոր՝ մեծ, շատ մեծ և շատ-շատ մեծ դաշնակիցների հետ ուզում ենք արժանապատիվ հավասար դաշտում խոսել և որ Հայաստանն ունի իր շահերը: Վարչապետի իրավական խորհրդականի խոսքերից ստացվում է, որ Հայաստանի և նրա ժողովրդի ազգային շահը պատրաստ ենք զիջել հանուն վերացական «միջազգային հանրության» կարծիքի, որն իրականում անգամ վատը չի էլ լինելու ինչ էլ որ հեղափոխական կառավարությունն անի ... Ընդ որում՝ այդ շահը զիջում ենք՝ հակառակ ժողովրդի կամքի, որովհետև ժողովուրդն ուզում է, որ վարչապետը սեփական իշխանությունը ռիսկի չենթարկի և Ազգային Ժողովը ցրի հեշտ և ժողովրդի ուժով: