Թուրքիայի, Ադրբեջանի ու Ղազախստանի միջև կարող է ստեղծվել եռակողմ համագործակցության ֆորմատ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա նշել է, որ այս պահին տարածաշրջանում առկա են Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան ֆորմատները:

Ըստ նրա, չի բացառվում, որ այդ ֆորմատին կմիանա նաև Ղազախստանը:

Ղազախստանն ու Թուրքիան մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել հինգ միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը'Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով:

Նշենք, որ Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը, որպես տարանցիկ երկրները՝Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա՝թուրքական ապրանքները այդ թվում Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար՝Մետաքսի ճանապարհի շրջանակներում:

Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը, որպես տարանցիկ երկիր՝Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում թե Անկարային՝Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, ինչպես նաև Աստանային՝ՌԴ-ը շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:

Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրերն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն, ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ի հավելում Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:

Վերոնշյալ երկրներին կապում է պանթուրքիստական, պանիսլամական գաղափարախոսությունն ու պրագմատիկ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը: Ղազախստանը ձգտում է ՌԴ-ի ազդեցությունը հավասարակշռել մի կողմից Չինաստանով, իսկ մյուս կողմից եղբայրական՝կրոնի ու ծագման առումով Թուրքիայի օգնությամբ: Ադրբեջանն այս պարագայում լինելով Կասպյան երկիր իր տարանցքն է տրամադրում եղբայրական Ղազախստանին՝տարանցման համար ստանալով տնտեսական օգուտներ՝դառնալով Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր օղակը: