Չզարմանաք, բայց Աֆղանստանի հետ մեր հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի:

Վերջերս մեր ՊՆ պատվիրակությունը Հնդկաստանում էր: Հասկանալի է, որ սա ոչ միայն երկկողմ ռազմական համագործակցություն է, այլ նաև ռազմաքաղաքական բալանս Ադրբեջան-Պակիստան տանդեմին' հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան, Հնդկաստան-Պակիստան և Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները: Ի նկատի առնելով Պակիստանի բացահայտ թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, Հնդկաստանի հետ մեր երկխոսությունը ռազմավարական նշանակություն ունի և Պակիստանի դեմ մենք բնական դաշնակիցներ ենք:

Հիմա գանք մեկ այլ գործոնի' Աֆղանստանին: Այստեղ իրավիճակը չի հանգուցալուծվելու, քանի դեռ Պակիստանը հովանավորում ու աջակցում է ահաբեկիչներին: Պակիստանի ու Աֆղանստանի հարաբերությունները քիչ են տարբերվում հայ-ադրբեջանական հարաբերություններից: Չմոռանանք, որ Պակիստանը նաև գտնվում է Վաշինգտոնի թիրախի ներքո և կարմիր քարտ է ստացել:

Ստեղծված իրողությունները հաշվի առնելով, անհրաժեշտ է.
1. Վերջապես ազգային անվտանգության ռազմավարություն ունենալ և Պակիստանին հստակ «թշնամաբար տրամադրված երկիր» կարգավիճակ ֆիքսել:
2. երկկողմ հարաբերությունները խորացնել Աֆղանստանի հետ,
3. աշխատել նաև միջազգային ատյաններում:
4. համագործակցել Վաշինգտոնի հետ, որի պատմության ամենաերկարատև պատերազմը հենց Աֆղանստանում է: Սրանով նոր օրակարգ կձևավորենք Վաշինգտոնի հետ' այլընտրանք դառնալով Բաքվի ռազմավարական նշանակությանը, Թրամփի «Աֆղանական ստրատեգիայի» իրագործման ընթացքում:
5. առավել մեծ ներդրում ունենալ Աֆղանատանի առաքելության մեջ, ինչը լրացուցիչ գործոն է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները օրակարգում:
Աֆղանատանը Պակիստանի դեմ մեր բնական դաշնակիցն է: Աֆղանցիք դրա մասին մեզ միշտ ասում են: Մեր երկրում էլ կան 2-3 հոգի, ովքեր Քաբուլում լուրջ կապեր ունեն և դրանք ձեռք են բերել Վաշինգտոնի միջնորդությամբ:

Իհարկե կա նաև այլ սցենար, օրինակ Պակիստանի հետ հարաբերություններ կարգավորել, իսկ դրա համար պետք է Պեկին գնալ: Սա նույնպես հավանական սցենար է, բայց այս պարագայում մենք գործոն չենք դառնա: