Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Այստեղ հետաքրքական շատ դրվագներ կային՝ սկսած հաշվետվության ձևաչափից, կառավարության անդամների ներկայացվածությունից, ելույթի շեշտադրումներից մինչև իրարամերժ հայտարարությունները դատական համակարգի ու անցումային արդարադատության վերաբերյալ: Սակայն առավել զավեշտալին այն է, որ երկրի ղեկավարի հաշվետվությունից գրեթե դուրս էր մնացել արտաքին քաղաքականությունը: Չհաշված փոքրիկ անդրադարձը հայ-ռուսական հարաբերությունների ու ԵՄ Հայաստան կապերի մասին, մնացածը պարզապես բացակայում էր: Առնվազն տարակուսելի է, որ ոչ մի խոսք չասվեց տարածաշրջանային իրավիճակի, մեր հնարավորությունների ու մարտահրավերների, նոր կառավարության կողմից իրականացված ու իրականացվելիք քայլերի մասին: Ինչևէ, փորձենք ամփոփել կառավարության 100 օրը՝ տարածաշրջանային զարգացումների ու համագործակցության տեսանկյունից:


1. Ծանոթանալով Փաշինյանի հաշվետվությանը՝ տարածաշրջանային մակարդակում իրականացրած քայլերից տեսնում ենք միայն վարչապետի պաշտոնական այցը Վրաստան՝ մայիսի 30-ին: Այստեղ վարչապետը այցելեց Ջավախք, հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ու գործարարների հետ, բանակցությունների շարք ունեցավ վրաց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցն իսկապես շատ կարևոր էր՝ հաշվի առնելով Վրաստանի՝ Հայաստանի համար բարեկամ պետություն լինելն ու երկկողմ հարաբերությունների կարևորությունը:


2.Իրանն ու հայ-իրանական հարաբերությունները պարզապես դուրս մնացին վարչապետի ուշադրությունից, այնինչ Հայաստանում տեղի ունեցած գլոբալ փոփոխություններից հետո շատ կարևոր էր նոր իշխանությունների մոտեցումները հնարավորինս արագ ու հստակ ներկայացնել իրանական կողմին: Այս բացթողումը կարող է էապես անդրադառնալ հայ-իրանական բարեկամական հարաբերությունների վրա:


3.Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս առնչությամբ վարչապետը «Al Jazira» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Այս հայտարարությունը բուռն արձագանք էր գտել Թուրքիայում՝ թե՛ ընդդիմադիր և լիբերալ, թե՛ իշխանամետ լրատվամիջոցների կողմից։ Թուրքական ԶԼՄ-ները այս հայտարարությունը որակել էին «պատմական»:


4.Առանձին հետաքրքրություն են ներկայացնում Ադրբեջանի և ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ վարչապետի հայտարարությունները ու դրանց արձագանքները: Հենց սկզբից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի իշխանությունները իրենք պիտի բանակցեն Ադրբեջանի հետ, որ ինքը Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ չէ ու չի կարող իրենց շահերը ներկայացնել: Քիչ ավելի ուշ, մամլո ասուլիսի ժամանակ Փաշինյանը նշեց, որ ինքը չի խուսափում Ալիևի հետ բանակցելուց և պատրաստ է դրան: Այնուհետև արվեց հերթական պրովոկացիոն հայտարարությունն առ այն, որ ղարաբաղյան հարցում մեր զիջումների սահմանը որոշելու է ժողովուրդը: Այս թեզը բյուրեղացվեց արդեն օգոստոսի 17-ի հանրահավաքին:


Այս ամենին զուգահեռ ադրբեջանական դիրքերն ավելի ամրապնդվեցին հայ-ռուսական հարաբերությունների բարդացման ֆոնին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանք առաջադրելը լուրջ հարված հասցրեց թե՛ կառույցին, թե՛ կառույցում ունեցած մեր դերին ու հեղինակությանը: Զարմանալի չէ, որ այս ամենից հետո Ադրբեջանում իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորի անունից շրջանառության մեջ դրվեց Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու թեզի կարևորությունը: Եվ առհասարակ, Հայաստանում ստեղծված այս խառը իրավիճակում ինտենսիվորեն լավանում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Այս համատեքստում չմոռանանք նաև Լելե-Թեփեն ու ռուս վերլուծական-փորձագիտական շրջանակների կտրուկ հայտարարությունները Հայաստանի նոր իշխանությունների ու հայաստանյան փոփոխությունների վերաբերյալ:


Արդյունքում մնում է միայն ամփոփել, որ կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի տարածաշրջանում իր դիրքերը չկորցնելու, լրիվ չմեկուսանալու ու բարեկամ պետությունների աջակցությունը չկորցնելու տեսանկյունից: Չմոռանանք, որ այստեղ էլ տեղի են ունենում զարգացումներ, որ կարող են լուրջ հետևանքներ ունենալ մեզ համար: Օրինակը՝ Կասպից ծովի բաժանման շուրջ ձեռք բերված համաձայնությունը: