ԱԺ նախագահի հայտարարության բովանդակության մեջ առկա մտահոգությունները վերջին 3 օրերի ընթացքում լսել եմ շուրջ երկու տասնյակ վերլուծաբան-քաղաքագետ-գործիչներից, որոնցից և ոչ մեկը ՀՀԿ-ական կամ «հակահեղափոխական» չեն: Ավելին, մասնավոր զրույցների ընթացքում խիստ «հեղափոխական» տրամադրված մարդիկ ևս արտահայտել են իրենց մտահոգությունը հանրահավաքում հնչած խիստ տարակուսելի մտքերի վերաբերյալ: Եվ, եթե ուշադրություն դարձնեք որոշ քարոզչական ԶԼՄ-ներ ևս իրենց վերլուծականներում անդրադառնալով Փաշինյանի ելույթին այս կամ այն ձևով ընդգծել են ելույթի տվյալ հատվածում առկա հակասահմանադրական թեզերը, բայց եզրահանգել են, որ հենց դա է պետք «հեղափոխության հաղթանակի համար»:

 

Այսինքն անգամ թունդ «հեղափոխականներից» շատերի կողմից Փաշինյանի ելույթում առկա առանցքային թեզեր համարվել են հակասահմանադրական, «բայց պետքական»: Այնպես, որ եկեք կեղծ բարեպաշտություն չանենք և չարի ու բարու հերթական ցուցադրությամբ չզբաղվենք: Նիկոլ Փաշինյանի վերջին հանրահավաքային ելույթում առկա էին բազմաթիվ մտահոգիչ թեզեր, որոնք, կարծում եմ, մարտավարական առումով կոպիտ սխալներ էին ու միանշանակ կունենան իրենց հետևանքները:


Հ.Գ. Բաբլոյանի հայտարարության քննադատների կողմից առավել «խոցելի» է համարվում ելույթի մոնտաժված լինելը և օրինակ մի մեծ զանգված ծաղրում է այն, որ Բաբլոյանը «դժվարությամբ» է կարդում տեքստը, ոմանք հիշել են, որ «Բաբլոյանի ընտանիքը բիզնես ունի», բայց ոչ մեկի մոտ բովանդակային քննադատություն չտեսա, անկեղծ ասած:

 

Նարեկ Սամսոնյան