ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այցելել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն։ Այս մասին նա ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել․

«16.08.2018թ շրջայցով գտնվել եմ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում: Ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ուղեկցությամբ ծանոթացել եմ կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմաններին և իրականացվող գործառույթներին:

 

Շրջայցի ընթացքում խորհրդակցություն եմ անցկացրել Պրոբացիայի պետական ծառայության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ծառայության արդյունավետության ապահովման հետ կապված մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ էլեկտրոնային մոնիթորինգի կիրառմամբ այլընտրանքային խափանման միջոցի ներդրման և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հանրային աշխատանքներում ներգրավված անձանց կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված քայլերը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև e-probation էլեկտրոնային համակարգի ներդրման և Քրեակատարողական համակարգի տեղեկատվական շտեմարանին Պրոբացիայի պետական ծառայության էլեկտրոնային հասանելիության ապահովմանն առնչվող հարցերին, որոնք էականորեն կբարելավեն ծառայության աշխատանքների արագությունը և արդյունավետությունը:
Նաև կարևորել եմ աշխատակիցների կողմից Պրոբացիայի պետական ծառայության շահառուների մոտ հանրային իշխանության հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորումը և ընդգծել, որ այս արժեհամակրգը պետք է տեսանելի լինի ոչ միայն Երևանում, այլ ամենահեռավոր մարզերում նույնպես»։