Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով: Դժվար է ասել, արդյոք միտումնավոր կերպով է երկրի վարչապետը, շեղելով ուշադրությունը իր ղեկավարած կաբինետի անհաջող, իսկ երբեմն, բացահայտ ձախողված աշխատանքից, անթույլատրելիորեն ավելացնում ավտորիտարիզմի չափաբաժինը, թե հանրահավաքի նախապես ազդարարված թաքուն առաքելությունը (պատասխան Լավրովի հայտարարությանը) կորցրեց իր արդիականությունը:

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ուժգին հարված էր Հայաստանի պետականությանը: Հետևողական կերպով էրոզիայի ենթարկելով պետական ինստիտուտները, կառույցներն ու մեխանիզմները, պետությունը փոխարինելով “ԵՍ ու Ժողովուրդը” առաջին հայացքից ականջահաճո, իսկ իրականության մեջ հակապետական բանաձևով: Հայաստանը տոտալ դեինստիտուցիոնալիզացիայի փուլում է. վարչապետը փորձում է իրենով փոխարինել օրենքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչություները և այլն:
Օրեր առաջ Հայաստանի նոր իշխանություններին անվանեցի թավշյա խունտա, ինչին հետևեց պետական քարոզչամեքենայի ինտենսիվ գործադրումը: Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը լավագույնս հաստատեց իմ տրված գնահատականը: Ճնշումների գործադրմամբ իշխանության եկած, ուժային կառույցների գործադրմամբ սեփական իշխանությունը ամրացնելու փորձեր անող, երկրում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորող իշխանության ղեկավարը երեկ հարձակվեց իշխանության մյուս ճյուղերի՝ օրենսդիր և դատական մարմինների վրա:

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Ակնհայտ էր դառնում, որ վարչապետը հետևողականորեն հետ է կանգնում Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումներից բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված և գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերակագնման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ և լիարժեք կատարման (Վիենա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) անհրաժեշտություն: Այսինքն 100 օրվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր բանաձևի փախողված փնտրտուքից հետո վարչապետը այնուհանդերձ գոնե ակներև վերադարձավ մեր իշխանության օրոք մշակված դիվանագիտական ձևակերպումներին:

Սակայն երեկվա հավաքին երկու տարակուսելի ու վտնագավոր էլեմենտ առաջացավ: Նախ, Նիկոլ Փաշինյանը փորձեց սենսացիոն ակնարկներ անել բանակցային գործընթացի պատմության մասին: Եվ քանի որ կիսատ-պռատ մոտեցումները ու պոպուլիզմը այս հարցում ճակատագրական կարող են լինել, ակնկալում ու պահանջում եմ, որ այդ ջինը դուրս գա շշից ամբողջությամբ, և Փաշինյանը հրապարակի ողջ բանակցային գործընթացի տեղեկատվությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած:

Երկրորդ խիստ վտանգավոր էլեմենտը, դա Արցախյան հիմնախնդրի հնարավոր կարգավորման բանաձևը Հայաստանի Հանրապետության մայրքաղաքի հրապարակում հաստատելու մասին խոստումն էր: Պարոն վարչապետ, հիշեք մեկընդմիշտ, որ կարգավորման ցանկացած բանաձև պետք է ստանա նախ Ղարաբաղի ժողովրդի հավանությունը:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

100 օրվա ընթացքում գործող իշխանությունները հետևողականորեն մսխում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կապիտալը: Քանիցս խոսվել է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության մասին: Ընդամենը երեք դրվագ հիշեցնեմ. ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթացը, ՌԴ ԱԳ նախարարի աննախադեպ կոշտ հայտարարությունը և, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի ԱԳ նախարարին չընդունելը Լավրովի կողմից:

Երեկ վարչապետը նաև ասաց, որ Բրյուսել կատարած իր այցը չի քննադատվել: Թարմացնեմ ՆԻկոլ Փաշինյանի հիշողությունը: ԵՄ ղեկավար մարմինների հետ իր հանդիպումներն այնքան անհաջող էին և անարդյունավետ, որ անգամ ինքը բարձրաձայն խոսեց այդ մասին հենց օդանավակայանում: Հիշեցնեմ նաև, որ Հայաստան-ԵՄ ուժի մեջ մտած համաձայնագրով առ այսօր ՈՉ ՄԻ գործողություն չի իրականացվել:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու լոբբիստական ջանքերը, իհարկե, տեղին են, բայց դրա մասին բացեիբաց բարձրաձայնելը մանկամտություն է: Եթե Թրամփ-Փաշինյան հադիպում ունենալու հույսը ԱՄՆ կոնգրեսականների ստորագրություններն են, բա որտե՞ղ մնաց այդ դեպքում իշխանափոխությունից հետո Հայաստանի հանդեպ իբր մեծացած ուշադրությունը և Նիկոլ Փաշինյանի ժպիտի մոգական ուժը՝ Թրամփերի զույգին Բրյուսելում բարևելուց:

Ամփոփելով վերհիշյալը, ընդունեմ, որ սխալվում էի, երբ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասացի, որ մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ: Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք: Անգամ շարքային»: