Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրն ավարտվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությամբ: Թեև այդ լարվածությունն առավել ակնառու դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ներհայաստանյան զարգացումների մասին բավականին կոշտ հայտարարությունից հետո, սակայն ոչ պաշտոնական մակարդակում այն զգացվում էր Փաշինյանի վարչապետության առաջին օրերից`չնայած սկզբնական շրջանում հնչող պաշտոնական հայտարարությունների դրական բնույթին:

 
Ռուսական կողմի գործողությունները Փաշինյանի Մոսկվա այցի ժամանակ և դրանից հետո վկայում են, որ Սոչիում վարչապետին, ով խորհրդարանում ղեկավարում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց նախաձեռնած ԵԼՔ դաշինքը, չի հաջողվել Մոսկվային համոզել, որ իր այդ դիրքորոշումները վերանայված են, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունում հետքայլ չի լինելու: Ռուսական կողմի ընկալումներով իրենք մտահոգությունների համար լուրջ հիմքեր ունի:

Դրանցից է օրինակ կարևորագույն պաշտոններում Փաշինյանի կողմից հակառուսական հայացքներով աչքի ընկած ակտիվիստներին նշանակելը, որոնցից «ամենատպավորիչներից» էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումը: Ըստ մամուլում հայտնված չճշտված տեղեկությունների` Մոսկվայի մոտ այնքան մեծ է անվստահությունը վերջինիս անձի նկատմամբ, որ արգելել է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրել ՀՀ ԱԱԽ քարտուղարին:

 
Բավականին հետաքրքիր է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին վերջինիս մասնակցությունից հետո ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել վարչապետը, չնայած որ դա իր պաշտոնի համար ցածր ձևաչափ էր: Արարատ Միրզոյանը նույնիսկ չկար Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում: 
ՀՀ նոր իշխանությունների մյուս գործողությունը, որը Մոսկվայի մոտ մեծացրել է անվստահությունը, առանց նախնական քննարկումների համանախագահ երկրների կամ համանախագահ երկրներից ոչ բոլորի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նոր տարրեր մտցնելու ՀՀ իշխանությունների փորձն է, ինչին ականատես եղանք մայիսի 9-ին Ստեփանակերտում և հունիսի 1-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Փաշինյանի ելույթներում: Ռուսական կողմը հայաստանյան իշխանությունների այս «բացթողմանը» շտապեց ոչ պաշտոնական արձագանք տալ: Ռուս հանրային, քաղաքական գործիչների, փորձագետների այցը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե նաև ազդանշան էր, որ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում չհամաձայնեցված, անկախ գործողություններ, որոնք կարող են վնասել գործընթացին կամ ունենալ բացասական ֆոնային ազդեցություն վերջինիս վրա, կարող են անել նաև ռուսները:
Ռուսական կողմի անվստահության մյուս պատճառը ՆԱՏՕ գագաթաժողովին, այնուհետև զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ Հայաստանը մասնակցություն էր ունենում ՆԱՏՕ միջոցառումներին, սակայն հայ-ռուսական հարաբերություններում անվստահության առկայության պայմաններում այս գագաթաժողովին մասնակցությունն առանց ռուսական կողմի հետ սլաքները ճշտելու Մոսկվայում դրական չընկալվեց:
Հետաքրքիր է, որ ինչ-որ «զուգադիպությամբ» դրան հետևեցին Փանիկի դեպքերը, երբ ռուսական ռազմաբազան «առանց նախազգուշացման» զորավարժություններ սկսեց` վախեցնելով գյուղի բնակիչներին: Սա, ակնհայտորեն, որոշակի մեսիջներ էր պարունակում` ուղղված ՀՀ իշխանություններին:


Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների` մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ աղմկահարույց դատական գործերին ռուսական կողմի կոշտ արձագանքին, ապա նշենք, որ Մոսկվայում դրանք ինչ-որ տեղ դիտվում են նաև որպես ՌԴ դեմ ուղղված քայլեր: Ընդ որում, Խաչատուրովի դեպքում ոչ թե վերջինիս անձն է պայմանավորում ռեակցիան, այլ զբաղեցրած պաշտոնը. Խաչատուրովն, այսպես կոչված, «Պուտինի ՆԱՏՕ»-ի գլխավոր քարտուղարն է, և առանց ռուսական կողմին տեղեկացնելու, այդ պաշտոնից նրա հեռացման հարցը նախապես կարգավորելու Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելը Ռուսաստանում դիտում են որպես «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնող Հայաստանի» կողմից թիրախավորված հարված ՀԱՊԿ հեղինակությանը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումների դադարեցման մասին, որն իհարկե պաշտոնապես հերքվեց, սակայն պարզ է, որ Ռուսաստանը այլևս չի բացառում Հայաստանի հետ հարաբերություններում նման գործիքակազմի կիրառման հնարավորությունը:
Իսկ ռուսական կողմի ավելի «շոշափելի» «նախազգուշացումն» այս օրերին տեսնում ենք Լարսում, երբ արագ փչացող սննդամթերքով բեռնված հայկական բեռնատարերն ստիպված են լինում օրերով հերթ կանգնել ռուսական անցակետն անցնելու համար: Խնդիրը կարելի կլիներ մեծ հոսքերով բացատրել, միայն թե հայ վարորդները միանգամայն այլ տպավորություն ունեն, բացի այդ ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի միջամտությունը խնդրին ևս խոսում է, որ Լարսի մի քանի կիլոմետրանոց հերթերը բնավ տեխնիկական խնդիրներով չեն պայմանավորված: 


Նշենք, որ Ռուսաստանից ոչ պաշտոնական աղբյուրներով զգուշացնում են նաև գազի գների բարձացման մասին, քննարկվում է աշխատանքային օրենսգրքում համախատասխան փոփոխությունների նախագիծը, որը կարող է ազդել այդ թվում նաև Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր հայերի վրա, և սրանք ռուսական կողմի տնտեսական ազդեցության միակ լծակները չեն: 
Այս համատեքստում բավականին հետաքրքիր է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և, ինչպես նշում է երկաթուղու ղեկավարությունը, Հայաստանի օրենսդրության խախտումներով խուզարկություն է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, ինչը չէր կարող չվրդովվեցնել ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Հուսանք, խնդիրը հարթվել է օգոստոսի 15-ին Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Սերգեյ Վալկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ. բոլորս հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի երկաթուղին Հայաստանի համար:


Նման պայմաններում մենք խնդիր ունենք Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարը չկրկնելու համար ձեռնարկել գործողություններ, որոնց ռիսկերը նախապես լավ հաշվարկված և չեզոքացված կլինեն: Կարիք ունենք արտաքին քաղաքական հարցերում լինել ավելի ընկալելի` ընդ որում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս երկրների հետ հարաբերություններում: Կարծես թե այս հարյուր օրվա ընթացքում որևէ գիծ դեռևս անդառնալիորեն անցած չէ: Այս մասին է խոսում օրինակ առաջին հայացքից ոչ էական թվացող վերաբերմունքը, որը ռուսական կողմը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության և դրան նախորդած համերգի ժամանակ. եթե վարչապետ Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նստած էր երրորդ շարքում Հյուսիսային Կորեայի ԱԺ նախագահի կողքին, ապա Արմեն Սարգսյանը` առաջին շարքում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողքին, ինչպես ենթադրում է դիվանագիտական արարողակարգը ռազմավարական գործընկերների պարագայում: