Ադրբեջանն այս գիշեր հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները եւ վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել:

Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Բավականին երկար ժամանակ ադրբեջանական կողմն արցախյան ուղղությամբ այսպիսի դիվերսիոն ներթափանցման փորձ' разведка боем չէր ձեռնարկել․ նրանք ապակայունացնում էին նախիջևանյան ուղղությունը: Ադրբեջանական ակտիվությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով' հայաստանյան ներքաղաքական լարվածությամբ, պառակտման երևույթներով, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված լարվածությամբ հատկապես ՀԱՊԿ-ի քարտուղարի հետ կապված սկանդալի հետ:

Բացի այդ՝ Բաքուն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների, ու որոշակի դադարը կամ հարաբերական խաղաղությունն առաջնագծում բացատրվում էր նախապատրաստական աշխատանքներով։ Այս ներթափանցման փորձը ստուգատես էր․ ադրբեջանական կողմը ստուգում է հայկական առաջնագծի հագեցվածությունը, ուժեղ և թույլ կողմերը, ու հնարավոր է՝ հյուսիսային հատվածում այս լարվածությամբ շեղում է ուշադրությունը հիմնական հարվածից:

Ադրբեջանը հաջորդ պատերազմում փորձելու է կիրառել «երեք ճակատների» մարտավարությունը։ Մեկը' առաջնայինը, լինելու է ղարաբաղյան ճակատը: Ադրբեջանը փորձելու է ապրիլին գրաված դիրքերից (Թալիշի մերձակայք և Լելե Թեփե) կրակի տակ պահել լայն շառավիղով ռազմավարական նշանակության օբյեկտները, գյուղերն ու քաղաքները, ինչպես նաև այդ դիրքերն օգտագործել որպես նոր տարածքներ գրավելու մեկնակետեր կամ հենակետեր։

Երկրորդ ճակատը Նախիջևանն է լինելու, որտեղից Բաքուն կրակի տակ է պահելու ՀՀ-ի ռազմավարական նշանակության մարզերը' Արարատի մարզը' գյուղատնտեսական ահռելի ներուժ, Վայոց Ձորը' բնական պաշարներ, «կապող օղակ» կյանքի ճանապարհ Սյունիք-Իրանի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզը, որն ունի հանքաարդյունաբերական հզոր ներուժ․ այդ մարզում գտնվող հզորություններն ապահովում են ՀՀ-ի բյուջեի զգալի մասը, իսկ Սյունիքով են անցնում Իրանի հետ կապող ռազմավարական, այլընտրանքային (Վրաստանը՝ որպես արտաքին աշխարհին կապող «պատուհան») ճանապարհները։

Բացի այդ՝ Նախիջևանից ուղիղ հարվածի տակ կարող է գտնվել Երևանը։ ՀՀ-ի մայրաքաղաքի ռազմա–քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական կարևորության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Երրորդ ճակատը լինելու է Տավուշի մարզը' 3-րդ բանակային կորպուս։ Բաքուն, կրակի տակ պահելով այդ մարզի սահմանամերձ գյուղերն ու առաջնագծում գտնվող զորամասերը, թույլ չի տալու, որ այդտեղից զորքերը տեղափոխվեն և Վարդենիս-Մարտակերտ կարճ ճանապարհով օպերատիվ կերպով օգնության հասնեն հիմնական ճակատ' Արցախին։ Բացի այդ՝ կրակի տակ է պահվելու միջպետական' ՀՀ-Վրաստան ճանապարհը, որն անցնում է հենց Տավուշի մարզով' խոչընդոտելով ՀՀ-ի տնտեսական կյանքն ու քաղաքացիների տեղաշարժը։