Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ադրբեջանական կողմը փորձեր կատարեց սադրանքների դիմել, քանի որ կարծում էր, թե այստեղ կատարվող փոփոխությունների արդյունքում կարող է ինչ-որ կերպ հասնել որևէ հաջողության։ Ադրբեջանական կողմն այնքան լկտի գտնվեց, որ իրավիճակը լարեց նույնիսկ Նախիջևանի հատվածում՝ այդ ամենը ներկայացնելով իբր նոր դիրքեր գրավելու հաջող փորձ։

Սակայն պաշտոնին նշանակվելու պահից Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ թշնամու հետ խոսելու են նաև ուժի լեզվով, որպեսզի կառավարության ղեկավարը վստահ հանդիպումներ ունենա ցանկացած միջավայրում։ Այդ հայտարարությունն, իհարկե, շատ քննարկվեց ադրբեջանական հատվածում։

Հաջորդ հայտարարությունը եղավ այն մասին, որ հայկական կողմը կարող է չզսպել իր զինանոցում ունեցած ամբողջ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմի վրա կիրառելու գայթակղությունը։ Նախարար Տոնոյանի այս հայտարարությունը մինչև հիմա մնացել է անպատասխան, իսկ Ադրբեջանում դրանից հետո անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, որի ժամանակ խիստ նկատողություն ստացավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Այդ ամենից հետո ի՞նչ պատկեր ունեցանք Նախիջևանի հետ սահմանում վերջին 100 օրերի ընթացքում։ Երբ ադրբեջանական կողմն իր տարածքում մի քանի դիրք ավելացրեց ու դա ներկայացրեց նոր գրաված դիրքերի անվան տակ, հայկական կողմն իրոք նոր դիրքեր կառուցեց, որոնք ամբողջությամբ հսկում էին ադրբեջանական կողմի դիրքերը, այդ թվում՝ նաև թիկունքից։ Դիրքեր կառուցելու օպերացիայից հետո նախարար Տոնոյանն այցելեց այդ դիրքեր, այցելության հաջորդ օրն արդեն ադրբեջանական նոր դիրքերի մեծ մասն այրվեցին և պայթեցվեցին։ Ադրբեջանական կողմը կրեց կորուստներ։

100 օրերի ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ հայկական կողմը ճնշում է ադրբեջանական բանակին առաջնագծում, հայտարարել է զոհերի և վիրավորների մասին, այդ թվում՝ նաև Արցախի հետ սահմանակից դիրքերում։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ղեկավարման 100 օրերի ընթացքում ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին և արդարացնում է ժողովրդի, սպաների և զինվորների սպասելիքները։