Այսպես ասեմ, իմ սերունդը 88-ից սկսած բառացիորեն ամեն ինչ տեսել է՝ բազմահազարանոց ցույցեր, ահռելի իմպերիայի տապալում, անկախության հռչակում, փախստականներ, պատերազմ, զոհված ընկերներ, մութ ու ծանր տարիներ, մեծ արտագաղթ, երկրի անխնա թալան, բողոքի ցույցեր, ծեծ ու ջարդ և այլն: Կարծում եմ, այս ամենից հետո, իմ սերունդը թերևս ավելի պրագմատիկ պետք է լինի, քան այն հրաշալի երիտասարդությունը, որն իրականացրեց իր թավշյա հեղափոխությունը:

Հիմա փորձեմ ներկայացնել, թե ի՞նչ պետք է վերջապես առաջնահերթ կարգով ասվի և արվի օգոստոսի 17-ի հանրահավաքին: Եվ այսպես՝ Հայաստանում թավշյա հեղափոխությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերներից ելնելով, հեղափոխության առաջնորդը պետք է ներկայացնի հստակ ձևակերպված հետագա գործողությունների կարճաժամկետ ճանապարհային քարտեզ, որտեղ պարտադիր պետք է ներառված լինեն այս 3 հիմնական կետերը.

1) Պաշտոնապես հայտարարել կեղծիքներով ընտրված, ոչ լեգիտիմ, ներկա քաղաքական պատկերը բացարձակ չարտացոլող և հեղափոխության համար մեծ վտանգներ ներկայացնող Ազգային ժողովի լուծարման գործընթացը անհապաղ սկսելու մասին; 2) Ազգային ժողովի ընտրությունների ժամկետ նշանակել առավելագույնը մինջև այս տարվա հոկտեմբեր ամսվա վերջը; 3) Թավշյա հեղափոխության առաջնորդը և իր քաղաքական ուժը ընտրություններին պետք է գնան ոչ թե առանձին՝ այլ նոր լայն կոալիցիա կազմած համապատասխան ժողովրդավարական ուժերի հետ միասին: