Այս շաբաթ կարևոր է Թուրքիայի համար ոչ միայն իր ֆինանսատնտեսական կայունացման վիճակի, այլև Միացյալ Նահանգների հետ քաղաքական հարաբերությունների կարգավորման առումով:
Երկու երկրների միջև հարաբերությունները էլ ավելի վատթարացան ամերիկյան հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնի ձերբակալումից հետո, ում Թուրքիան մեղադրում է ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ:
Ըստ ամենայնի Թուրքիան փորձում էր 20 տարի իր երկրում ապրող հոգևորականի ձերբակալումով լուծել ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլլահ Գյուլենի Թուրքիային հանձնելու հարցը: Սակայն դեպքերն այլ ընթացք ունեցան:

 


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ հարաբերությունները Թուրքիայի հետ կբարելավեն միայն այն բանից հետո, երբ ազատ արձակվի ամերիկցի հոգևորականը, ինչը մերժվում է Անկարայի կողմից:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում թուրք և ամերիկացի դիվանագետների հանդիպման ժամանակ, ամերիակցները պահանջել են , որ Թուրքիան անհապաղ ազատ արձակի Էնդրյու Բրանսոնին, նույնիսկ սահմանվել էր ժամկետ՝ մինչև նույն օրը ժամը 18:00-ն:

 


Սակայն այդ պահանջը մերժվեց հենց տեղում: Դիվանագիտական կուլիսներում խոսվում է, որ ԱՄՆ-ն երկրորդ շանս է տվել Թուրքիային և վերջնաժամկետ է տվել մինչև օգոստոսի 15-ը, որից հետո ԱՄՆ-ն անցնելու է վելի կոշտ քաղաքականության: Սակայն այս վարկածը պաշտոնապես հաստատված չէ:
Էրդողանը Թրամփին ուղղված իր ելույթում խոսում է նրա մասին, որ ԱՄՆ զոհաբերում է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային « ինչ որ քահանայի» համար, սպառնալիքներ հնչեցնում, ինչն անըդունելի է Թուրքիայի համար: Նա հայտարարել է նաև ԱՄՆ-ի այլընտրանքի և նոր դաշնակիցների ձեռք բերման մասին , ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի: Միևնույն ժամանակ Էրդողանը դեռ հույսը չի կորցնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավացնելուն, և ԱՄՆ-ին ատամներ ցույց տալուց հետո անցնում է նրա հետ նույն կաթսայում լինելու մասին մեծ ցանկությանը: Նա արդեն մի քանի օր հետո հայտարարում է, որ ինքը շատ է կարևորում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները և կցանկա, որ այն ավելի խորանա ու լավանա:
Թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը հիմնականում կապվում է ԱՄՆ նախագահի վարած քաղաքականության հետ: Իսկապես Թրամփի թվիթերյան մի գրառումից հետո լիրան կրկին կտրուկ արժեզրկվեց, բայց լիրայի արժեզրկումը կարծում եմ ավելի խորը հիմքեր ունի:
Ընդհանրապես լիրայի արժեզրկումը վերջին տարիներին նորություն չէ:

Դեռևս 2016թ.-ի պետական հեղաշրջման փորձից առաջ Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել էր, որ Թուրքիան գտնվում է ռիսկայնության գոտում գնաճի և տոկոսադրույքների աճի առումով:

Եթե մի փոքր հետ գնանք, ապա կտեսնենք, որ 2002թ-ին, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դարձավ իշխող կուսակցություն, դոլարի հետ լիրայի փոխարժեքը եղել է 1. 57 լիրա , իսկ հետգայում այն հասավ 1.80-ի: 2013թ.-ի երկրորդ կեսից սկսվեց լիրայի արժեզրկման գործընթացը : Այդ ժամանկ Էրդողանը մեղադրեց Գեզայի բողոքի մասնակիցներին՝ մեղադրելով տնտեսությանը վնաս հասցնելու մեջ: Այդ ժամանակ մեկ դոլարը 1.80 լիրայից դարձավ 1.90 լիրա: Մեծ լոբբիստական աշխատանքներ սկսվեց տարվել այդ ժամանակ ցուցարարների դեմ, նրանց մեղադրում էին Թուրքիայի տնտեսությունը քայքայելու մեջ, այն ինչ դա հենց Թուրքիայի տնտեսության իրական պատկերն էր, որն այլևս անհնար էր թաքցնել, և Էրդողանը պետք է գտներ կառավարության հետ կապ չունեցող մարդիկ, որպեսզի մեղքը բարդեր նրանց վրա: Նույն տարում դեկտեմբերի 17-25-ն ընկած ժամանակահատվածում լիրան կրկին կտրուկ արժեզրկվեց փոխարժեքը դարձավ մեկ դոլարը 2.04 լիրա: 2013թ.-ից հետո լիրան սկսեց անկում ապրել 2018թ.-ի հունվարին դառնալով 3.8 լիրա:

 


2018 թ. մայիսի դրությամբ դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը տարվա կտրվածքով կազմում էր արդեն 22 տոկոս, իսկ ահա օգոստոսին՝ 44 տոկոս: Թուրքական տնտեսական քաղաքականության հիմնադրամի (TEPAV) գլխավոր տնտեսագետ Գյուվեն Սաքը վերջին տասնամյակում դոլարի նկատմամբ լիրայի կորուստը , որը կազմում է 70 տոկոս , համարում է խիստ մտահոգիչ: Նա պնդում է, որ լիրայի արժեզրկման հիմքը դրվեց 2007թ.-ից, երբ Թուրքիան դադարեց իր կառուծվածքային բարեփոխումների ծրագիրը: Ըստ Գյուվեն Սաքի, այժմ լիրայի արժեզրկումը մոտենում է 90 տոկսի, որն արդեն կարող է իսկապես կործանարար լինել ֆինանսական շուկայի համար իր բոլոր տհաճ հետևանքներով:

 


Այսպիսով, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումը միակ պատճառը չէ լիրայի արժեզրկաման գործում, չնայած, որ ունի լուրջ դերակատարություն, պարզապես այս ժամանակաշրջանում գործընթացներն ավելի արագացվեցին: