Իհարկե, Փաշինյանի կառավարության գործունեության նախնական գնահատականը կտրվի 100 օրը լրանալուց հետո: Բայց այս ամիսներին կատարվող նշանակումների խորապատկերին թերևս հարկ եմ համարում բարեկամաբար գրել հետևյալը. "պատահական" և ոչ ճիշտ նշանակումները աղետալի կամ դրամատիկ չեն լինում այն երկրներում, որտեղ կա ինստիտուցիոնալացված կառավարում ու կառավարման կայացած համակարգ: Օրինակ, ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է հայտնվել ապուշ, բայց քանի որ նրանից ներքև կա ֆանտաստիկ պրոֆեսիոնալ շերտ ու համակարգ, նրա դեֆեկտները շատ խոշոր չափով չեն ազդելու ներքին ու արտաքին քաղաքականությունների վրա, իսկ համակարգի հակակշռումների բարդ համակարգը (իշխանության ճյուղերից մինչև ներկուսակցական) զսպելու են նրան, եթե զգան, որ ինչ-որ բան դուրս է գալիս թույլատրելիի սահմաններից: Հայաստանում այլ է, ցավոք: Չկա համակարգ, այդ պրոֆեսիոնալ շերտը կառավարման տարբեր օղակներում ու մակարդակներում չնչին է: Քաղծառայության ամբողջ օղակը նախկին իշխանությունների օրոք "ընտրական ծառայությունների կամ լոյալության" հիմքի վրա է ձևավորված՝ միջակություններից ու անգամ ավելի ցածր:

 

Որքան է համակարգում արդեն որոշակի փորձ ունեն, այդուհանդերձ նրանց միջակությունը երբեք թույլ չի տա գոնե ներքևից համակարգը էֆեկտիվ պահել, կամ սպասել անփորձ ու անարհեստավարժ վերևին բարեփոխումների հայեցակարգերի ու գաղափարների մատակարարում: Այս իրավիճակում նշանակված կադրերը լավագույն դեպքում յոլա տանելու կառավարում են իրականացնելու, իսկ ժամանակ առ ժամանակ էլ ցնցելու են արտառոց գաղափարներով, եթե այդպիսիք լինեն: Վառ օրինակը մշ.նախի՝ Հեղափոխության ցուցասրահ ստեղծելու, Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատարի՝ նախկին քաղաքապետի աթոռն ու գրասեղանի սեղանի վրայի իրերը փոխելու ու նման կարգի հայտարարություններն են, քանզի մարդիմ ոլորտը չեն պատկերացնում, դժվար թե երկար ժամանակում սովորեն, եթե ոչ ոլորտի փորձագետ են, ոչ էլ ոլորտի կամ անգամ 5 հոգու կառավարման, նրանց առաջնորդ լինելու փորձառություն ունեն: Այսպիսի իրավիճակում ներքևները վերևներին լուրջ չեն ընդունելու, վերևներն էլ ներքևէից ու այլ տեղերից են գաղափարներ ու հայեցակարգեր սպասելու, բայց չեն ստանալու: Մինչև 100 օրը լրանալը չէի գրի անգամ սրա մասին, եթե կարևոր չլիներ ժամանակի գործոնը: Հարցը նա է, որ եթե օինականության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի որոշ քայլեր տեսնում են մարդի, ապա բոլոր ոլորտներում առաջընթացի, զարգացման կոնցեպտուալ քայլեր չկան: Հին կառավարման համակարգը պահել չենք կարող, նորը, որ պետք է ստեղծվի ռեֆորմներով, չկան: Իսկ այդ ռեֆորմները, ինչպես այլ երկրներում, Հայաստանում էլ ցավոտ են լինելու, դիմադրության են հանդիպելու: Դրանց համար ֆանտաստիկ մեծ հանրային աջակցություն է պետք, որը ի հայտ եկավ թավշյա հեղափոխությունից հետո: Իսկ այդ վիճակը հավերժ չի եղել ոչ մի երկրում, առավել ևս հավերժ չի լինելու Հայաստանում:

 

Ու մինչ նոր, երիտասարդ կադրերը լավագույն դեպքում փորձ հավաքեն կամ հայեցակարգ ստանան, կպարզվի, որ ռեֆորմի համար ոչ պակաս կարևոր մյուս գործոնը՝ լայն հանրային աջակցությունը չկա ու ժամանակն անցել է: Հետո ավելի դժվար է լինելու, եթե չասեմ, անհնար է լինելու ու համակարգը կրկին նստելու է իներցիայի վրա՝ հինքը կիսաքանդ ու անպիտան, նորը՝ բացակա ու չստեղծվող: Ահա թե ինչու նշանակվող կադրերի ազնվությունը, մաքրությունը անհրաժեշտ, բայց երբեք բավարար չէ հետհեղափոխական իրավիճակներում: Չգիտեմ՝ կառավարությունն ու վարչապետը ինչպես կվարվեն, բայց անզեն աչքով էլ արդեն նկատելի է սպասումների անկումը, որը դեռ խորանալու է, եթե չլինեն կարճաժամկետ լուրջ արդյունքներ, միջնաժամկետ ու երկրաժամկետ կտրվածքով էլ հուսադրող քաղաքականության ու տենդենցների միտումներ: Ու ժամանակը կարևոր է ոչ միայն վերը նշված՝ հանրային աջակցության ու սպասումների մասով, որոնք միշտ չէ, որ լինում են, այլ նաև այլ տեսանկյունից՝ մենք Ադրբեջանից առաջ անցնելու խնդիր ունենք, դատապարտված ենք, այլապես մեր թուլությունը, կառավարման ոլորտում քաոսը այլ սխալ Ահա, թե ինչու գրեցի այս ամենը: Մնացածը արդեն կառավարության տիրույթում է:

 

Ստյոպա Սաֆարյան