Սադուկեցիներից ոմանք եկան Հիսուսի մոտ։ Սադուկեցիներն ասում են, թե
մեռելների հարություն չկա։ Նրանք ասացին Հիսուսին.


-Վարդապե՛տ, Մովսեսը հետևյալ օրենքը գրեց մեզ համար. «Եթե ամուսնացած մեկը մեռնի առանց զավակ թողնելու, թող նրա եղբայրը ամուսնանա նրա այրիացած կնոջ հետ, որպեսզի իր եղբորը զավակ տա»։ Մի ժամանակ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ և մեռավ առանց զավակ ունենալու։ Երկրորդ եղբայրն ամուսնացավ նրա կնոջ հետ, և նա էլ մեռավ առանց զավակ ունենալու։ Երրորդն էլ, և մինչև յոթերորդ եղբայրը նույնպես ամուսնացան նրա հետ և մեռան առանց զավակ ունենալու։ Բոլորից հետո կինն էլ մեռավ։ Արդ, մեռելների հարության օրը կինը նրանցից ո՞ր մեկին կպատկանի, քանի որ յոթն էլ ամուսնացան նրա հետ։
Հիսուսը պատասխանեց.


-Այս աշխարհի տղամարդիկ և կանայք ամուսնանում են. սակայն նրանք, որոնք
արժանի պիտի լինեն գալիք աշխարհին և մեռելների հարությանը, չեն ամուսնանա։ Նրանք այլևս չեն կարող մեռնել, քանի որ հրեշտակների նման պիտի լինեն։ Նրանք Աստծու որդիներն են, որովհետև մեռելներից հարություն են առել։ Իսկ թե մեռելները հարություն են առնում, Մովսեսն այդ հասկացրեց այրվող մորենու դրվագով, որտեղ նա Տիրոջ մասին ասում է. «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Սա նշանակում է, որ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, որովհետև նրա համար բոլորն էլ կենդանի են։
Օրենքի ուսուցիչներից ոմանք ասացին.
-Վարդապե՛տ, լավ ասացիր։


Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում Հիսուսին որևէ բան հարցնել։


(Ղուկասի ավետարան 20:27-40)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան