Ընթացիկ տարվա մարտի վերջին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո՝ վերջին 2 ամսում, Եգիպտոսի իշխանությունները շուրջ 1 տասնյակ որոշումներ են ընդունել՝ մի շարք ապրանքատեսակների և ծառայությունների արժեքներն ավելացնելու վերաբերյալ: 

Օրինակ՝ մետրոյով երթևեկության արժեքն աճել է 250%-ով, խմելու ջրի գինը՝ 44%-ով, բեզինինը՝ 66,6%-ով, էլեկտրաէներգիայինը՝ 70%-ով, ցածր կենսամակարդակ ունեցող հասարակական շերտերի համար՝ 41%-ով: Բացի այդ՝ էականորեն թանկանալու են նաև գազի, տրանսպորտի այլ տեսակներով երթևեկության գները, տաքսի ծառայություններից գանձվող հարկերը և այլն:

Թանկացումները տեղի են ունենում փուլ առ փուլ՝ սկսած մայիսի 11-ից, հերթականն էլ նախանշված է հուլիսի 1-ին՝ նոր ֆիսկալ տարվա սկզբին: Հարկ է նշել, որ նման քաղաքականության, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող սուբսիդիաների էական նվազեցմանը Կահիրեն գնում է ԱՄՀ-ի խորհրդատվությամբ, կազմակերպության կողմից տրամադրվող վարկային գծի մնացյալ՝ 12 մլրդ դոլարի չափով հատվածը ստանալու նպատակով:

Վերոնշյալի համատեքստում կանխատեսելի է Եգիպտոսի բնակչության շրջանում դժգոհության ալիքի բարձրացումը, որը կարող է ստանալ նաև զանգվածային բնույթ: Ի դեպ, դարձյալ ԱՄՀ-ի ցուցումով ընթացիկ ամսվա սկզբին Հորդանանում տեղի ունեցած հարկային բարեփոխումները ևս հանգեցրել էին ներքաղաքական լուրջ ճգնաժամի, որը հնարավոր եղավ մեղմել միայն նոր կառավարության նշանակման և Պարսից ծոցի մի շարք երկրների ու ԵՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության արդյունքում: 

Մինչդեռ և՛ սոցիալ-տնտեսական խնդիրների բազմազանության, և՛ բնակչության թվի, և՛ անվտանգային վիճակի ու մի շարք այլ խնդիրների պատճառով Եգիպտոսում իրավիճակի սրումը բավական բարդ կլինի հանգուցալուծել, ինչը բավական վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն այդ երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Հ.Գ. Գրառմանը կցված լուսանկարում եգիպտացի կանայք բողոքում են կենցաղային գազի գների թանկացման դեմ: