Նրանք, ովքեր միացած են Քրիստոս Հիսուսին, ենթակա չեն դատապարտության, քանի որ մարմնապես չեն ապրում, այլ հոգեպես, որովհետև Հոգու Օրենքը, ինձ Հիսուս Քրիստոսին միացնելով, կենդանացրեց և ազատեց ինձ մեղքի և մահվան ենթակայությունից։

Արդարև, ինչ որ Օրենքը չի կարող անել մարդկային բնության տկարության պատճառով, Աստված իրագործեց՝ աշխարհ ուղարկելով իր Որդուն, որը մեղքը հաղթահարելու համար իր վրա վերցրեց մեր մեղանչական բնությունը և իր մարմնի մեջ դատապարտեց մեղքը, որպեսզի մենք, որ հոգեպես ենք ապրում և ոչ մարմնապես, կարողանանք լրիվ գործադրել Օրենքի բոլոր պահանջները։ Նրանք, որ ղեկավարվում են միայն իրենց մարմնական պահանջներով, նրանց մտածելակերպը մարմնական է. մինչդեռ նրանք, որ ապրում են Հոգու թելադրած ձևով, նրանց մտածելակեպը հոգևոր է։ Մարմնականի մասին մտածելը մահ է պատճառում, մինչդեռ հոգեկանի մասին խորհելը՝ կյանք և խաղաղություն։ Մարմնականին կառչած միտքը թշնամի է Աստծուն, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքներին և ոչ էլ կարող է հնազանդվել։ Ահա թե ինչու նրանք, որ մարմնականին են հետևում, չեն կարող հաճելի լինել Աստծուն։


Եթե Աստծու Հոգին իսկապես բնակվում է ձեր մեջ, նշանակում է, որ դուք այլևս
մարմնական ցանկությունների համաձայն չեք ապրում, այլ Սուրբ Հոգու կամեցած ձևով։ Իսկ նա, ով չունի Քրիստոսի Հոգին, չի պատկանում նրան։ Եթե Քրիստոսը ձեր մեջ է ապրում, թեկուզև ձեր մարմինները կմեռնեն, որովհետև մեղանչեցիք, բայց Սուրբ Հոգին դարձյալ կյանք կտա ձեզ, որովհետև արդարացած եք։ Այսինքն, եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ, Աստված, որ Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, իր Հոգու միջոցով, որը բնակվում է ձեր մեջ, կկենդանացնի նաև ձեր մահկանացու մարմինները։


(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:1-11)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան