Ցինդաոյում Շանհայի համագործակցության կազմակերպության խորհրդաժողովի շրջանակներում բանակցել են ՌԴ ու Իրանի նախագահները: Թեհրանը ՇՀԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ, այսինքն' ոչ բոլոր նիստերին է մասնակցում: Թեպետ այս անգամ քննարկվում ու վճռվում էին նաև միջազգային խնդիրներ, որ ուղղակի կապ ունեին Իրանի հետ: Խոսքը Իրանի միջուկային համաձայնագրի ու ԱՄՆ-ի առևտրական քաղաքականության մասին է: Այդ պատճառով, թեպետ ՇՀԿ ձևաչափում երկկողմ բանակցությունները առաջին հայացքից արարողակարգային են, այսօր օգտակար ու ճեղքումային են:

Ցինդաոյի հանդիպումը համընկավ Կանադայում G 7-ի սամմիթի հետ, որի ընթացքում քննարկվում էր իրանական հարցը: Ցինդաո այցը Ռոհանիի համար առաջին արտասահմանյան այցն էր Դոնալդ Թրամփի որոշումով Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո, որ հատուկ իմաստ է հաղորդում Պուտինի հետ բանակցություններում նրա հայտարարություններին: Ի՞նչ էր ասում ՌԴ նախագահը: Պուտինը նշեց, որ Մոսկվան «աջակցում է ՇՀԿ լիիրավ անդամ դառնալու Իրանի ձգտմանը», հատուկ ընդգծեց, որ «մենք հաջողությամբ համագործակցում ենք սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում» և «այստեղ խոսելիք ունենք, որովհետև կան կոնկրետ արդյունքներ»: Ռոհանիի պատասխանները նոր շեշտադրումներ ունեին: «Իրան-Ռուսաստան համագործակցությունը ահաբեկչության և տարբեր արմատական խմբավորումների դեմ պայքարում բավականաչափ հաջողված է և մեր գործակցության դերը շատ ուժեղ ու ազդեցիկ է այս տարածաշրջանում»' ասաց Իրանի նախագահը: Բայց, նրա խոսքով, միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո «պահանջվում է առավել լուրջ և առավել կարևոր երկխոսություն մեր երկրների միջև»:

Նախօրեին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Համենեին կարգադրեց, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը անհապաղ սկսի ուրանի հարստացումը: Համենեին նաև հայտարարեց, որ Թեհրանը չի կարող միաժամանակ պատժամիջոցների ու «միջուկային վերահսկողության» տակ լինել, որ Իրանը սկսել է հետ շրջել իր ոչ վաղ պատմության որոշ էջեր: Ռոհանին հայտնվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քննադատության թիրախում, որ իր հաջորդին մեղադրում էր ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման մեջ Իրանի դեմ միջուկային ծրագրի պատճառով: Հիշեցնում էր բարձրագույն ղեկավարությանը, որ Ռոհանին 16 տարի (1989 -2005) եղել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը և գլխավորել է միջուկային բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ, որ ձախողվեցին ԱՄՆ-ի ճնշման հետևանքով: Սակայն Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005 -2013) ՄԱԿ-ի ԱԽ-ն Իրանի դեմ 6 բանաձև է ընդունել: Այս նախագահը առաջարկում էր, որ իրեն 6 ամիս տան, որ պատժամիջոցների հետևանքները վերացնի, բայց առաջարկը չանցավ, իսկ երկրի բարձրագույն ղեկավարությունը որոշեց գաղտնի բանակցություններ սկսել Օմանի ամերիկացիների հետ:

Նախկին նախագահի հիշեցումը Թեհրանի ու Վաշինգտոնի գաղտնի բանակցությունների մասին ակնարկ է, որ որոշակի ուժեր Իրանում հիմա էլ հույս ունեն պատճենել ԱՄՆ-ի նկատմամբ ԿԺԴՀ-ի մարտավարությունն ու ռազմավարությունը, որ ի վերջո իրար բերեց Թրամփին ու Կիմ Չեն Ինին: Բայց դա հնարավոր դարձավ միայն շնորհիվ Ռուսաստանի ու Չինաստանի միասին մշակած «ճանապարհային քարտեզի»: Իսկ ո՞վ կգրի Իրանի համար «ճանապարհային քարտեզը», եթե ինքը չցանկանա: Երբ վեցյակն ու Թեհրանը միջուկային համաձայնագիրը կնքեցին, Իրանը հայտնվեց պատժամիջոցների հանման էյֆորիայի մեջ և սկսեց մշակել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման սցենարներ: Առաջին հերթին' Արևմուտքի հետ: Բայց երբ Թրամփը հայտարարեց միջուկային գործարքի խզման մասին, ամեն ինչ փլուզվեց: Թեպետ եվրոպական երկրները չեն աջակցում Վաշինգտոնի միակողմանի գործողությունները, ամերիկացիները առաջ են մղում իրենց սցենարը: Դեմ են Ռուսաստանն ու Չինաստանը: Դա, անկասկած, դեռ «ճանապարհային քարտեզ» չէ:

Սակայն ոմանք կարծում են, որ Մոսկվան ու Պեկինը կձգտեն Իրանի հարցը լուծել 5+1 մեխանիզմի շրջանակներում, որտեղ ներառված են ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիան, որ մասնակցել է Իրանի համաձայնագրի ստորագրմանը: Իսկ դա խոստանում է նոր ու երկարատև քաղաքական-դիվանագիտական ճակատամարտ: Ահա ինչու է Ռոհանին խոսել Ռուսաստանի հետ «առավել լուրջ ու առավել կարևոր երկխոսության» անհրաժեշտության մասին: Գուցե այդպիսով Թեհրանը պատրաստվում է իր մերձավորարևելյան քաղաքականության որոշ վեկտորների փոփոխության:

Քվեբեկում G 7-ի համաժողովում ԱՄՆ-ի հետ համաձայնությունը չստացվեց, փաստացի G 7-ը դառնում է 6+1 ձևաչափ ու այդ առումով հասկանալի է դառնում, թե ինչու էր Կանադա մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփը բարձրացնում ՌԴ վերադարձի հարցը G 7: Թեպետ դա ևս դարձավ տարակարծությունների պատճառ և G 7-ից միայն Իտալիան է կողմ ՌԴ վերադարձին, ավելին' ԵՄ պատժամիջոցները հանելուն: Ֆրանսիան ու Գերմանիան դեմ են: ՌԴ-Իրան հարաբերություններում բազում անհայտներ կան և այդ անհայտներից է տնտեսական համագործակցության զարգացումը: Իսկ մյուս անհայտը Թուրքիայի դերն է տարածաշրջանում: Հաջորդը' Իսրայել-Իրան հարաբերություններում Ռուսաստանի դերը:

Ցինդաոյում Պեկինը ձգտում է ուշադրության կենտրոնում պահել անդրսահմանային հարցերը, մասնավորապես' «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը: Եվ կարևորում է «չարի երեք ուժերի»' ահաբեկչություն, էքստրեմիզմ, անջատողականություն, դեմ պայքարը: Օրակարգում նաև թմրաառևտրի ու կիբեռհանցագործության հարցերն են: