Հարգարժա՛ն պարոն նախարար, Ձեզ է դիմում Շիրակի պետական համալսարանի ուսանողուհի Անահիտ Հովհաննիսյանը


Որպես ազնիվ քաղաքացի ու իր հարազարտ բուհի վիճակով մտահոգ ուսանող՝ ոգևորված Ձեր արդարամտությամբ՝ ուզում եմ դիմել Ձեզ իմ և ինձ նման ուսանողների անունից:
Ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ իմ հարազատ բուհը վարկաբեկվում է առանձին անձանց սխալների պատճառով: Ինձ ու ինձ նման մյուս ուսանողների համար բուհը կարևոր կրթօջախ է, որը մոտ ապագայում (եթե թողնեն, չավերեն) կբոլորի իր հարյուր տարին: Ցավով նշում եմ, սակայն, որ մի քանի մարդկանց քմահաճույքի, նրանց բերած, այսպես կոչված, «նոր մշակույթով» ավերվում է բազում-բազում շրջանավարտների և այժմյան ուսանողների սիրելի կրթօջախը:


Այո՛, մեր բուհում շատ խնդիրներ կան, որոնցից կուզենայի առանձնացնել ինձ համար կարևոր մի քանի հարցեր:


Առաջին հերթին ինձ մտահոգում են ուսումնական ծրագրերը: Անշուշտ, ծրագիր կազմողը ուսանողը չէ, սակայն այնտեղ այնպիսի արտառոց բաներ կան, որ յուրաքանչյուր ուսանող էլ կարող է հասկանալ, որ խնդրներ կան, ինչպես, օրինակ՝ կրկնվող առարկաներ, երբ նույն «Լեզվաբանության ներածություն» առարկան երեք անգամ անցել ենք՝ տարբեր ձևերով կրկնելով նույն թեմաները: Միաժամանակ մենք կիսատ թողեցինք «Շարահյուսություն» բաժինը, որը մասնագիտական առումով չափազանց կարևոր է հայոց լեզվի ապագա մասնագետի համար: Նմանատիպ հարցերը շատ են, բոլորը, անշուշտ, այստեղ չեմ ուզում թվարկել: Դուք հաստատաբար այս ամենին կծանոթանաք, եթե մանրամասն ստուգումների արդյունքները նայեք:


Հաջորդ հարցը, որն ինձ և շատ այլ ուսանողների համար կարևոր է, վարձավճարի զեղչի հարցն է: Ես գիտեմ, որ կա և գոյություն ունի վարձավճարի զեղչի բավական ճկուն գործող համակարգ, որից ես և քույրս արդեն երկու տարի է, ինչ չենք կարող օգտվել: Մենք նույն բուհում ենք ուսանում, և երկու տարի է, ինչ դիմել ենք վարձավճարի զեղչից օգտվելու համար, սակայն միշտ մերժում ենք ստացել՝ պատճառաբանելով, որ ես առկա բաժնում եմ, իսկ քույրս՝ հեռակա: Միաժամանակ գիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր այդ իրավունքից օգտվում են: Նրանց, թերևս, օգնում է այն հանգամանքը, որ նրանց ծնողները գյուղապետ են, տնօրեն կամ որևէ այլ պաշտոնյա:


Մյուսը մեր դասախոսների ընտրության հարցն է, որը, կարծում եմ, կարևորագույն խնդիրներից է: Մենք ունենք այնպիսի մասնագետներ, որոնք կարող են պատիվ բերել ցանկացած բուհի, ունենք նաև այնպիսիները, որոնց մասին ինչքան վատ որոշիչներ կան, կարող ենք հանգիստ գործածել՝ առանց մտավախության, որ կարող ենք սխալվել: Ամենացավալի փաստն այն է, որ նախկին ռեկտորի կողմից երկրորդներն էին գնահատված ու նրանց է, որ ոգևորում էր Սահակ Մինասյանը՝ միաժամանակ ոտնատակ տալով ու վիրավորելով արժանավորագույն մարդկանց ու մասնագետեներին:


Ես իմ պարտականություններն ու իրավունքներն իմացող քաղաքացիներից եմ, պարո՛ն նախարար, այդ իսկ պատճառով ինձ իրավունք եմ վերապահում դիմել Ձեզ՝ որպես իմ իմացած ազնվագույն մարդկանցից մեկին, խնդրում եմ, մի՛ հապաղեք ու արձագանքե´ք իմ այս խնդրանք-դիմումին: Խնդրում եմ և ակնկալում Ձեր կառուցողական միջամտությունը մեր բուհի ապագայի հարցում:

 

ՇՊՀ Հայոց լեզու և գրականություն մասնագիտության բակալավրի այս տարվա շրջանավարտ, ապագա մագիստրոս՝ Անահիտ Դավիթի Հովհաննիսյան