Կարծում եմ, նոր կառավարության ներկայացված ծրագիրն այնպիսին է, ինչպիսին էլ որ այն պետք է լիներ: Այդ ծրագրից բնավ էլ պետք չէր սպասել ինչ որ արտառոց շեշտադրումներ և ամպագոռգոռ խոստումներ, քանի որ բոլորս էլ միանշանակ տեղեկացված ենք և հասկանում ենք, որ Մայիսի 8-ից հետո Հայաստանում տեղի են ունեցել բեկումնային, անդառնալի իրադարձություններ, որոնք մինչ հիմա էլ դեռ շարունակական գործընթացի մեջ են:


Երկիրը թևակոխել է մի այնպիսի շրջափուլ, որ քաղաքական դաշտում այս պահին թերևս ամեն ինչ ժամանակավոր է և անցումային՝ ազգային ժողովը, կառավարությունը և, ըստ այդմ, ժամանակավոր և անցումային պետք է լիներ նաև ժամանակավոր կառավարության կողմից ներկայացված և ժամանակավոր ազգային ժողովի կողմից հաստատվող ծրագիրը: Բնական է նաև այն, որ այդ շրջադարձային գործընթացների կոնտեքստում ծրագիրը ազգային ժողովի կողմից կընդունվի, քանի որ այս ամենը նպատակային արվում է միայն մեկ հիմնական կետի համար՝ մոտակա ամիսների ընթացքում Հայաստանում պետք է կազմակերպվեն ազգային ժողովի նոր ընտրություններ:


Ժամկետները, ընտրողների ցուցակների ճշգրտումը, ընտրական օրենսգրքում փոփոխությունների իրականացումը՝ այս բոլորը, իհարկե, դեռ ենթակա է քննարկման: Քննարկման ենթակա չէ միայն նոր ընտրություններն օր առաջ անցկացնելու գլխավոր գաղափարը, և ավելին՝ այն արդեն ուղղակի ժողովրդի պարտադիր, անբեկանելի պայմանն է հանդիսանում, քանի որ մեր երկիրը պետք է անհապաղ դուրս բերվի այս սահմանադրական խորը կոլապսից, որում վերջնականապես հայտնվեցինք 2017-ի խորհրդարանական կեղծված ընտրությունների արդյունքում:

 

Ռուբեն Շուխյան