Երկրորդ օրն է, հետևում եմ դատավոր Տաթևիկի համացանցային ոչնչացման գործընթացին: Եվ սա նողկանք է առաջացնում: Տաթևիկի արածն ընդամենը այն էր, որ նա փոխել է կասկածյալի խափանման միջոցը, համարելով այն անօրինական կամ չափազանց կոշտ (չեմ էլ ուզում, որ մանրամասներ իմանամ, էլ ուր մնաց գրեմ): Նշեմ, որ Տաթևիկը քրեական գործը չի կառճել' ընդամենը ազատել է կալանքից:

 

Եվ դարձել է հայ հեղափոխականների և նրանց համակիրների թշնամի: Երբ Փաշինյան Նիկոլը գրավեց Ազգային ռադիոն, որը քրեորեն պատժվող արարք էր, նրան ոչ ոք չկալանեց և ոչ ոք չպահանջեց հրապարակավ, որ կալանեին: Երբ Փաշինյան Նիկոլին վերջապես ձերբակալեցին ապրիլի 22-ին, ողջ հայ ժողովուրդը, կարծես Սորբոնի իրավագիտական ֆակուլտետից դիպլոմ ստացած, բողոքեց, թե դա անօրինական է: Հիմա բողոքում են, թե Մասիսի քաղաքապետին չկալանելն է անօրինական, այնինչ դատավորի կողմից ոչ մի իրավական խախտում չկա:

 

Հիմա չես հասկանում, էս ժողովուրդը ինչ է ուզում. եթե սիրում է, որ հանրային կարգ խախտողները նստեն, ապա ինչո՞ւ գանգատվեց , երբ ձերբակալվեցին Փաշինյան Նիկոլն ու մի քանի այլ մանրուք: Եթե սիրում է, որ հանրային կարգ խախտողները չնստեն, ապա էսօր ինչո՞ւ է գանգատվում, որ Մասիսի քաղաքապետին մի քանի այլ մանրուքի հետ բաց են թողել...