Նախ ուզում եմ նշել, որ կիսապատերազմական, ավելի ճիշտ հենց պատերազմական իրավիճակում ապրող Արցախին ամենից առաջ պետք է ներքաղաքական անդորր, ներքին համերաշխություն ու փոխըմբռնում և նախագահ Բակո Սահակյանին, իր ամենօրյա աշխատանքի արդյունքում, հաջողվել է հենց նման մթնոլորտ ձևավորել հայակական 2-րդ հանրապետությունում:

Այո՛, Արցախը նաև ժողովրդավարություն ունեցող, խոսքի ազատությունը հարգող պետություն է , բայց քաղաքական ամբիցիաներ ունեցող յուրաքանչյուր ոք պարտավոր է գիտակցել՝ պատերազմի մեջ գտնվող Արցախում նույնիսկ ամենասուր ներքաղաքական խնդիրները պետք է լուծել փոխըմբռնման միջոցով, երբեք ու երբեք չլարելով սահմանին կանգնած հայ զինվորի թիկունքը:

Արցախի ներքին անդորրն իսկապես շատ կարևոր է, այնչափ կարևոր, որ հնարավոր չէ բառերով նկարագրել և այս առումով կարևոր է նաև , որ արցախցին թույլ չտա որոշ մարդկանց իրենց նեղ անձնական շահերի կամ այլոց շահերը սպասարկելիս փորձեր արվեն՝ պառակտելու Արցախի հասարակությունը կամ վարկաբեկելու իրենց աշխատանքով Արցախին ծառայող գործիչներին:

Մի խումբ մարդիկ պահանջում են Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականը մոռանալով, որ Կամոն Արցախյան պատերազմի առաջին իսկ վայրկյանից իր երիտասարդ կյանքը նվիրել է Արցախի պաշտպանությանն ու անկախությանը, պատանեկություն ու երիտասարդություն ունենալու փոխարեն՝ մարտնչել ռազմի դաշտում, հաղթել և հաղթանակից հետո էլ նվիրվել ռազմական գործին՝ իր ողջ կյանքը նվիրելով Արցախին...


Մինչ ոստիկանապետ նշանակվելը գեներալ Աղաջանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել Արցախի զիված ուժերում և նրա ենթակայության տակ ծառայած զինվորներն իրենց գեներալի մասին հիմնականում խոսում են որպես՝ հայրենասեր, սկզբունքային, դուխով և զինվորի համար ոչինչ չխնայող մարդու մասին:
Արցախն ուժեղ է նաև Կամոյի պես հայրենասեր տղերքով...

Ոստիկանապետի պաշտոնում ևս Կամո Աղաջանյանը մեծ ջանքեր ներդրեց՝ պատերազմի մեջ գտնվող Արցախի ներքին անվտանգությունն ապահովելու համար և Ապրիլյան պատերազմի օրերին բոլորս ականատես եղանք, թե որքան կազմակերպված և անվտանգ էր սահմանին կռվող հայ զինվորի թիկունքը:

Մի խոսքով Արցախին թիկունքից խփել նշանակում է դավաճանել հայ ժողովրդին և ջուր լցնել թշնամու ջրաղացին:
Եկեք գոնե Արցախի հարցում չտրվենք պրովակացիաների և զոհաբերենք մեր ամբիցիաներն ու «ես»-երը՝ հանուն մեծ գործի...