Անկախության Հայաստանում իշխանության համար իրական պայքարն ընթացել է զուտ իշխանության ներսում. Առաջինն ավարտվել է 98-ի հեղաշրջումով, երկրորդը' հոկտեմբերի 27-ի սպանդով։


Բացառություն է կազմում միայն 2008թ. նախագահական ընտրությունները, երբ իշխանությունն ուղղակի այլ ելք չուներ, քան կրակել ժողովրդի վրա:
Ապրիլյան հեղափոխությամբ ոչ միայն հասարակական գիտակցության, այլ նաեւ երկրի քաղաքական էլիտայի տրամաբանության ու վարքագծի մեջ տեղի ունեցավ լրջագույն փոփոխություն։


Հասարակության կողմից դրսևորված քաղաքական-քաղաքացիական հստակ դիրքորոշումը ոչ միայն խառնեց իշխանության խաղաքարտերը, այլեւ ամբողջովին փոխեց երկրի քաղաքական իշխանության դասավորությունը։


Այդուհանդերձ, Հանրապետությունը կանգնած է շատ կարևոր դիլեմայի առաջ. մի կողմից հասարակությունն ինքն է միտված ֆունդամենտալ փոփոխությունների, որի համար լեգիտիմության ահռելի մանդատ է տվել գործադիր իշխանությանն ու նրա ղեկավարին, մյուս կողմից՝ գործադիր իշխանությունը հանձնած քաղաքական ուժերը, այն սպասարկող ստվերային կասկածելի համակարգը, ինչպես նաև օրենսդիր իշխանության մեծամասնությունը դեռևս շարունակում են իրենց ձեռքին պահել պետության քաղաքական գործունեության զարկերակը՝ հստակ ուղերձներ հղելով, որ չեն պատրաստվում զիջել…
Այլ կերպ ասած, Հայաստանն ապրում է երկիշխանության պայմաններում:
Պարադոքս է, սակայն փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից Նիկոլի իշխանությունը կանգնած է ամբողջական իշխանությունը վերցնելու խնդրի առաջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով լեգալիզացնելու հասարակության կողմից ստացած իր իշխանությունը, մյուս կողմից' այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է, որ պառլամենտի փաստացի մեծամասնությունը համաձայն լինի դրա հետ:
Սա նշանակում է, որ կողմերը կամ ձեռք են բերելու քաղաքական պայմանավորվածություն, կամ տեղի է ունենալու հուժկու բախում: Երրորդ տարբերակ գոյություն չունի:
Այս պարագայում կողմերից որեւէ մեկը չի կարող խուսափել սպասվող կուլմինացիայից։
Որովհետև փակուղի թվացող ցանկացած ստատուս-քվո, վերջիվերջո, ժամանակի ընթացքում իր տեղը զիջելու է հակամարտող ուժերի միջեւ առկա' անխուսափելիորեն փոփոխության ենթարկված հաշվեկշռից բխող իրադրությանը։


Իսկ այդ իրադրության տերը կլինի նա, ով ռացիոնալ կօգտագործի ունեցած ռեսուրսները։
Պարզ է, որ ոչ մի պետություն-հասարակություն երկարատեւ կտրվածքով ի զորու չէ կառավարվել երկիշխանության պայմաններում, և քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ ամբողջական իշխանության խնդրի լուծումը մոտենում է իր հանգրվանին...
Իհարկե, գործադիր իշխանությունն ունի հաղթական խաղաքարտեր, որոնք, անկասկած, օգտագործելու է, այդ թվում օգտագործելով ուժային ռեսուրսների հարկադրական մեթոդներ, որոնցով փորձելու է կառավարելի դարձնել ցանկացած դավադիր գործողություն ՝ ունենալով հասարակության աջակցությունը:


Այդ մեթոդների կիրառումը հատկապես կողջունվի կրիմինալ, օլիգարխիկ համակարգի ուղղությամբ գործադրելու պայմաններում, ինչը հավելյալ մեծ վստահություն կհաղորդի Նիկոլի իշխանությանը, մանավանդ այն պայմաններում, երբ հասարակությունը տեր է կանգնել իր իշխանությանը և հետ քայլի ճանապարհ պարզապես չունի:


Բացի այդ, անհրաժետ է արձանագրել նաև հետևյալ իրողությունը. Համաժողովրդական շարժումն իրականացրեց քաղաքական դաշտի սանիտարի գործառույթ և մաքրեց քաղաքական համակարգի ախոռը՝ սպիտակ ու մաքուր էջ բացելով հիմնովին նոր քաղաքական համակարգի ու նոր քաղաքական դերակատարների համար:


Այդ նոր դերակատարների առաջ, բացի օրվա խնդիրները լուծելուց, խնդիր է դրված նախանշել պետության հետագա զարգացման ստրատեգիական մոդելը ու որպես դրա հայելային արտացոլանք' պետության քաղաքական համակարգն այդպիսին դարձնելը, որպեսզի ուրվագծվի ժողովրդավար Հայաստանի պատկերը...


Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է բացառել թե՛ առկա ստատուս-քվոն, թե՛ ռևանշի հնարավորությունը: Այդպիսի հեռանկարը հղի է նրանով, որ պետության վերջնական դեգրադացիան կդառնա անշրջելի իրողություն, և երկիրը չի դիմանա այդ հակաժողովրդավարական հարձակմանը:


Լուծումն ակնհայտ է. Դուրս գալ երկիշխանության ցիկլից՝ հասարակության կողմից տրված վստահությքան քվեն լեգալիզացնելու ճանապարհով՝ ամբողջովին ստանձնելով երկրի պատասխանատվությունը, վճռելով Հանրապետության ճակատագիրը' կա՛մ լիակատար ժողովրդավար Հայաստանի հեռանկարով, կա՛մ դարձ ի շրջանս յուր..


Նորայր Նորիկյան