Մի բան էլ ես գրեմ ազգ-պետության մասին, թեպետ հենց առաջին պահից եմ արձագանքել դրան, երբ անվանումը դրվեց շրջանառության մեջ.


1. Պե՞տք է այդ հայեցակարգը Հայաստանին: Պետք է: Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդագրական իրողություններն ու նրա ագրեսիվ հարևանությունը և անհանգիստ տարածաշրջանը, այն անհրաժեշտություն է:


2. Պե՞տք էր դա մատուցել կամ դրա մեկնարկը տալ այն ձևով, ինչ արվեց անցած տարիներին: Ոչ: Ցանկացած ռեֆորմի /իսկ դա ռեֆորմ էր/ պարագայում կարևոր է ոչ միայն դրա բովանդակությունը (հատու, հստակ թիրախներով, արդյունքները' իրատեսական, չափելի ու գնահատելի, գործընթացը՝ վերահսկելի), այլև իրականացման գործընթացի դիզայնը (ներառական, համոզիչ, գրավիչ, ոգևորիչ և այլն): Ցավոք այս ամենի փոխարեն տեսանք ինչ-որ պատառիկ ենթածրագրեր, չունենալով ողջ հայեցակարգը, մինչդեռ հակառակը պետք է լիներ: Իրականում, նախկին ՊՆախարար Վիգեն Սարգսյանի ելույթից ավելի շատ բան իմացա այդ հայեցակարգի տրամաբանության մասին, քան երբ ներկայացվում էր ժամանակին: Այս ամենին էլ հավելած հասարակության վրա հավելյալ բեռ դնող կոմպոնենտները՝ 1000 դրամ, կամ պաթոսային ռազմահայրենասիրությունը, որոնք, անկեղծ ասած, ավելի շատ մտահոգում էին, խղճահարություն առաջացնում, քան ըմբռնում:


3. Թերևս դա էր պատճառը, որ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կամ շատերի մոտ այդ ամենից այն նստվածն է մնացել, որ իշխանությունների պատկերացրած ազգ-բանակ հայեցակարգը սոսկը հայերնիքը սիրել սովերցնելու մասին է կամ բանակի հանդեպ հավելյալ ողորմածությունը: Մինչդեռ, սա էլ այդ հայեցակարգի աղավաղված ընկալումն է, հանուն արդարության:


4. Իմ պատկերացրած ազգ-բանակը դա ամենևին միլիտարիզացված, պաթոսի մեջ խեղդված հասարակությունը չէ, անկազմակերպ կամ մեկ կենտրոնից բանակին ամրապնդող նախաձեռնությունները չեն: Անգամ մեր ժողովրդավարության դպրոցի բոլոր շրջանավարտները հենց առաջին դասից են սովորում անվտանգության օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործառույթները, որոնք դասական առոււմով հարում են կամ անվտանգության կամ առաջընթացի գործառույթների խմբերին՝ իրենց ենթախմբերով: Ավելի պարզ ասած՝ դա այնպիսի հասարակությունն է իր բոլոր համակարգերոց, որտեղ բոլորն անխտիր կատարում են այս երկու խմբերին հարող գործառույթներ՝ կառավարելով, կանխատեսելով, չեզոքացնելով առկա սպառնալիքները և/կամ զարգացնելով, առաջընթաց ապահովելով բոլոր համակարգերում, քանի որ բոլոր համակարգերի անվտանգությունները սերտորեն փոխկապված են, իսկ անվտանգությունը՝ հոլիստիկ: Ցավալի է, բայց պետական համակարգում առավելապես դիլետանտական մակարդակի փորձագիտությունը բերել է նրան, որ ցանկացած նման փաստաթուղթ վեր է ածվել ազատ թեմայով շարադրության, երբ ով ինչ գիտի, տակից-գլխից հանձնել է թղթին, մեկն էլ պաշտոնի բերումով դրանք դրել է իրար կողք, ու առաջարկված փաստաթուղթը՝ կլինի Կառավարության ծրագիր, Ազգային անվտանգության ռազմավարություն թե ինչ, բառւս բուն իմաստով կաղացել է համակարգայն մոտեցումից, կոնցեպտուալ ամբողջականությունից, մեթոդաբանական սխալներից, հոլիստիկ-ամբողջական մոտեցումից: Ու կրկին, իզուր չէ, որ հենց կրկին մեր ժողովրդավարության դպրոցի ունկնդիրների համար համեմատության մեջ եմ դրել առաջադեմ ազնվտանգության ռազամվարությունները, ասենք՝ Նոր Զելանդիայի օրինակը, ու Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարություն կոչվող լիրիկան: Դրա ավելի անհասկանալի տեսակն էլ ազգ-բանակ հում, կիսատ, այդպես էլ չամբողջացած հայեցակարգն էր:


5. Ի վերջո՝ ամեն ինչ պետք է հանգի մի բանի. ինչպես ստեղծել մի ներառական մոտեցում ու քաղաքականությունը, որը բոլոր համակարգերի ու քաղաքացիների ներուժի բացահայտման, կարողությունների զարգացման պայմաններ կստեղծի, որոնք լավագույնս կսպասարկեն բանակին, պաշտպանական ու անվտանգային քաղաքականություններին: Այդ ո՞վ է ասել, որ առողջապահությունը, առողջ, սնված, կենսախինդ, ոգեղեն, կրթված ու տառաճանաչ զինվոր տալը կապ չունի ազգ-բանակի հետ, այլ կապ ունի միայն սահմանի պաշտպանության համար որոշակի խթանիչներով զինվորագրվելը:


6. Չգիտեմ, թե ինչ է պատրաստվում անել նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատրաստ ենք մեր աջակցությունը ունենալ ընդհանուր գործում, եթե մեզ դիմեն, բայց ինքս անհամբեր սպասում եմ այս ուղենիշային կարևոր փաստաթղթին՝ Ազգային անվտանգության ռազմավարությանը, որի գործող տեքստը ոչ միայն լիրիկա ու ազատ թեմայով շարադրություն է, այլև հին իրողությունների արգասիք: Մինչև չունենանք այս ֆունդամենտալ փաստաթուղթը, մնացած բոլոր նախաձեռնությունները լինելու են Ազգ-բանակի մեզ հայտնի կոնցեպտի նման հում, թերի, չհասկացված, պատառիկային ու դրվագային:


7. Եթե անցած ամիսներին ինչ-որ մի բան կար, որ մխիթարեց ինձ, դա Մոսկվայում տեղի ունեցաշ անվտանգության կոնֆերանսի ժամանակ Վիգեն Սարգսյանի ելույթի գիտականությունն էր: Մնացած ամեն ինչը եղել է պաթոսի, ճռճռան ելույթների մակարդակում: Ու չէի ցանկանա, որ նոր իշխանությունները գնան հին, ծեծված ճանապարհով:


8. Մի կողմ թողնելով Վիգեն Սարգսյան-Արմեն Գրիգորյան հեռակա բանավեճի քաղաքական կամ այլ արձագանքները, այդուհանդերձ, առողջանալու նշան եմ համարում նման բանավեճը: Բայց կցանկանայի տեսնել, որ ուղղակի քաղաքական հեռտորաբանությունից այն կողմ կամ դրա հետ մեկտեղ կա նաև գիտական բանավեճ: Ի վերջո, երկու ընկերներն էլ ինձ առավելապես հայտնի են գիտական/փորձագիտական շրջանակից:

 

Ստյոպա Սաֆարյան