Իսրայելապաղեստինյան հիմնախնդրի հերթական լարվածության պատճառով դարձյալ սրված թուրք-իսրայելական հարաբերությունների համատեքստում Անկարայից չդադարող կոշտ քննադատությունների ու մեղադրանքների ֆոնին իսրայելական կողմի հակաթուրքական գործիքակազմում նոր միջոց է ներդրվել:


Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի՝ հերթական անգամ շահարկումից բացի, հիմա էլ Իսրայելում որոշել են ակտիվացնել քրդերի ինքնորոշման իրավունքի ճանաչման խաղաքարտը:

 

Այսպես, Իսրայելում իշխող կոալիցիայի առաջատար կուսակցության՝ «Լիքուդի» պատգամավոր Յոհավ Քիշը Քնեսեթում Քրդստանը ճանաչելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել:


Իսրայելցի պատգամավորի հայտարարության մեջ մասնավորապես նշվել է. «Բախվելով տարածաշրջանում Իրանի աճող ուժին, Թուրքիայի ծայրահեղականությանն ու Սիրիայի տրոհման իրողությանը՝ Իսրայելը պետք է գլխավորի և աջակցի անկախ պետություն ստեղծելու քրդերի ջանքերը... Եվ քանի որ Անկարան հեռացել է Արևմուտքից և կանոնվոր կերպով հանդես է գալիս Իսրայելի դեմ, աջակցում ահաբեկչությանը, շարունակում է ճնշել քրդերին իր տարածքում, անկախ Քրդստանի ճանաչումը կարող է ծառայել Իսրայելի շահերից»:
Եթե Քնեսեթը հավանություն տա այս նախաձեռնությանը, ապա դրանով կզբաղվի Արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողովը:

 

Վերոնշյալի համատեքստում կասկածից վեր է, որ Իսրայելը չի ճանաչի քրդերի ինքնորոշման ջանքերը տարածաշրջանի որևէ երկրում, իսկ ձեռնարկված միջոցներն ընդամենը քարոզչական հարթությունում են՝ անշուշտ, բնավ էլ նպատակ չունենալով վնասել թուրք-իսրայելական խորքային հարաբերությունները:

 

Արմեն Պետրոսյան