Իսրայելապաղեստինյան հիմնախնդրի հերթական լարվածության պատճառով դարձյալ սրված թուրք-իսրայելական հարաբերությունների համատեքստում, թուրքական իշխանությունների հակաիսրայելական գործողություններին ի պատասխան, իսրայելական կողմը կրկին դիմել է Հայոց ցեղասպանության թեման տարբեր մակարդակներում շահարկելու զազրելի միջոցին:
Վերոնշյալի համատեքստում մեզանում հերթական անգամ ակտիվացել են քննարկումները՝ ինչպիսի ընթացք կստանա Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական գործընթացն Իսրայելում: Իմ կարծիքով՝ գործընթացի հանգուցալուծման որևէ արդյունքի վրա կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ հետևյալ սկզբունքային իրողությունները՝
1. Իսրայելապաղեստինյան հերթական լարվածությունն աստիճանաբար գնում է թուլացման հունով: Համենայն դեպս, ի տարբերություն մայիսի 14-15-ի սրացումների, դրանց հաջորդած օրերին բախումների մասշտաբներն ու հետևանքները էականորեն նվազել էին:
2. Եթե իսրայելապաղեստինյան լարվածությունը թուլանա, ապա էականորեն կմեղմանա նաև թուրքական իշխանությունների հակաիսրայելական հռետորաբանությունը, իսկ թեման այդ երկրում իշխող քաղաքական վերնախավի կողմից ոչ նախկին սրությամբ, այսուհանդերձ դեռևս կշահարկվի՝ հաշվի առնելով Թուրքիայի Հանրապետությունում ներկայում ընթացող նախընտրական շրջափուլը: Հետևաբար, քանի որ հակաթուրքական քաղաքականության հերթական ակտիվացումն ընդամենն իրավիճակային բնույթ է կրում, ապա Իսրայելի պատասխան քայլերը ևս կլինեն լարվածության թուլացման տրամաբանության շրջանակում:
3. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ դիրքորոշումը վերապահված է գործադիր իշխանությանը, որը, հանձին նրա ղեկավար վարչապետ Բենյամին Նեթանյահու ներկայում հազիվ թե գնա նման քայլի, քանի որ Իսրայելի արտաքին և անվտանգային քաղաքականության համար տարածաշրջանում առկա են այլ՝ առավել առաջնային գերակայություներ:
4.Մերձավոր Արևելքում առկա իրողություններով պայմանավորված՝ Իսրայել պետության առանցքային խնդիրն Իրանն է: Թել Ավիվի կողմից, նաև ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, հակաիրանական ճամբարի ընդլայնման նպատակով հսկայական ջանքեր են գործադրվում Թեհրանին պատին դեմ տալու նպատակով: Վերոնշյալի համատեքստում տարածաշրջանային մեկ այլ կարևոր դերակատարի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը բնավ էլ չի բխում Թել Ավիվի շահերից, մանավանդ երբ Թուրքիայի հակաիսրայելական գործողությունները հռետորաբանական, դիվանագիտական, քարոզչական հարթություններից բացի այլ՝ առավել շոշափելի ուղղությամբ, ըստ էության, չեն դրսևորվում:
Վերոնշյալը և մի շարք այլ՝ ոչ պակաս որոշիչ իրողություններ (հարցի վերաբերյալ Իսրայելում հասարակական, քաղաքական պահանջի բացակայություն, նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները չվատթարացնելու միտում, Հայաստան-Իսրայել արդյունավետ համագործակցության բացակայություն և այլն) թույլ են տալիս կանխատեսելու, որ Իսրայելում Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման հերթական գործընթացն իր արդյունավետությամբ հազիվ թե տարբերվի նախորդներից: