Արագաչափերը և ճանապարհային երթևեկությանը հետևող մյուս սարքերը չի կարելի անջատել ոչ մի դեպքում: Իհարկե, ինչ-որ տեղերից պետք է ընդհանրապես հանել արագաչափերը, պետք է նաև մեծացնել և լուսավորել դրանց առկայության մասին տեղեկացնող նշանները, վերանայել որոշ փողոցներում սահմանված արագությունը, անպայման զգալիորեն նվազեցնել տուգանքների չափը, բայց առհասարակ անջատել տեսահսկման սարքերը չի կարելի:

 

Առհասարակ նոր կառավարությունը, կարծես թե, գնում է ամենասխալ ճանապարհով, որ կարող էր գնալ ժողովրդական շարժման արդյունքում իշխանության հասած կառավարությունը՝ պոպուլիստական քայլեր է անում: Դա սխալ ճանապարհ է, և այդ մասին կառավարությանը մոտ կանգնած մարդիկ պետք է ասեն:

 

Եթե մի հասարակություն /կամ ժողովուրդ/ այդքան կամք և գիտակցություն գտավ իր մեջ, որ կարողացավ կանգնել ձեր կողքը և հաջողության հասցնել իշխանափոխության կամ հեղափոխության գործընթացը, ապա ինչու՞ եք մտածում, որ այդ նույն հասարակությունը կամ ժողովուրդը չի տարբերում այն, ինչ արվում է իր բարեկեցության (այդ թվում՝ անվտանգության) համար այն ամենից, ինչ արվում է նրան պարզապես դուր գալու համար:

 

Ի վերջո, պետք է կարողանալ տարբերել անհրաժեշտ գործողությունները նպատակահարմար գործողություններից: Օրինակ, երևի թե անհրաժեշտ էր ազատվել շատ փոխնախարարներից և վարչությունների պետերից, բայց արդյո՞ք դա նպատակահարմար էր անել «կադրային ջարդ չի լինելու» արտահայտությունից ընդամենը օրեր անց...

 

Արդյո՞ք նպատակահարմար է անջատել տեսահսկման սարքերը՝ ոչ, դրանք անվտանգություն էլ են ապահովում:
Արդյո՞ք անհրաժեշտ է անջատել տեսահսկման սարքերը՝ ոչ, խախտումները պետք է արձանագրվեն:
Բայց արդյո՞ք անհրաժեշտ է վերանայել տուգանքների չափերը, տեղադրման վայրերը և այլն՝ անշուշտ այո:
Դա նաև նպատակահարմար է:

 

Մովսես Դեմիրճյան