Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացնում է, որ երեկ՝ մայիսի 17-ին, Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։Հիշեցնենք, որ Արմավիրի ԲԿ են դիմել սննդային թունավորման ախտանիշներով Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից: 

Հավելենք, որ ըստ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անի Խաչատրյանի՝ ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման պատճառը, մեծ հավանականությամբ, ընդմիջման ժամանակ կերած հավով, պանրով, կարտոֆիլով բրդուճներն են: 

«Այս պահին ունենք 18 հոսպիտալացված: Նրանց վիճակները միջին և թեթև ծանրության են:  Սակայն թունավորման նույն դեպքով դիմողները շատ են եղել: Երեկվանից դուրս է գրվել մեկ հոգի»,-ասաց բժիշկ-վարակաբանն ու հավելեց, որ, հավանաբար, այսօր դուրս կգրվեն նրանք, ովքեր արդեն իրենց լավ են զգում: