Այսօր երկրում տիրում է համարյա թե դասական երկիշխանություն՝ գործադիրի մի մասը հեղափոխության, մյուս մասը և խորհրդարանականը՝ նախորդ իշխանության ձեռքում: Եթե երկիշխանությունը ձգձգվում է, իսկ այն կարծես թե նման միտում է ցուցաբերում, ապա դրա ելքը «50-50» է՝ կարող է ավարտվել հեղափոխության վերջնական հաղթանակով, բայց կարող է նաև ավարտվել հանրապետականի վերադարձով. համենայն դեպս ժողովուրդների պատմությունը նման օրինակներ ևս ունի: Երկրորդ տարբերակին հենց այսօր նպաստում են բողոքի բազմաթիվ պոռթկումները, որ տասնամյակներով եռում էին հասարակության ներսում: Բողոքի ցույցերը տվյալ դեպքում ուղղված են ընդդեմ գործող կառավարության՝ թեկուզ այն վերաբերի անցյալում հանրապետականի ապաշնորհ կառավարման այս կամ այն դրսևորմանը: Իսկ բողոքի պոռթկումները չեն նպաստում իրադրության կայունացմանը, ինչն այսօր օդի և ջրի նման անհրաժեշտ է մեր կառավարությանը:

 

Դա հատկապես վտանգավոր է, երբ տարոնանմանները սկսել են կազմակերպել հակացույցեր: Անհատ բողոքավորներին դա բացատրել ուղղակի հնարավոր չէ, քանի որ մարդիկ տարիներով դիմել են Սերժին, մեկին, մյուսին, սակայն բավարարում չեն ստացել, և այսօր դիմում են իրենց ընտրյալին: Կարծես թե վարչապետի համար ժամանակի մեծ ծախս չի ներկայացնում բողոքավորին լսելը, բայց հարց լուծելն արդեն ժամանակի լուրջ կորուստ է, ինչը դանդաղեցնելու է այն հարցերի լուծումը, որոնք բերելու են ընդհանուր շահերի բավարարմանը: Միաժամանակ, ինքը չի կարող լուծումներ առաջարկել՝ առանց հետևելու գործող օրենսդրությանը, որքան էլ այն հաճելի չլինի այն մարդկանց, ովքեր ցանկանում են ստանալ իրենց հարցերի անմիջական լուծումը: Այս ամենը զանգվածներին հասցնելու համար վարչապետը կարող է ամենշաբաթյա հանրահավաքներ կազմակերպելով՝ դիմել հանրությանը և ներկայացնել բոլոր հարցերին անմիջապես լուծում տալու անհնարինությունը և նման եղանակի վտանգավորությունը: