Իշխանությունների ամենամեծ խնդիրներից մեկը մեծ ու փոքր նախաձեռնություններում բնակչության վրա թքած ունենալն է, մի բան անելուց առաջ հարցը քննարկման չդնելը կամ մարդկանց նախապես չտեղեկացնելը։ Ու տարբեր դեպքերում դրա պատճառները կարող են տարբեր լինել.


ա) գլխի չեն, որ պարտավոր են տեղեկացնել կամ քննարկել.
բ) պարզապես ջաններին ջափա չեն տալիս.
գ) դիտմամբ չեն տեղեկացնում ու սուսուփուս անում են, որ հետո մարդկանց փաստի առաջ կանգնացնեն, ու հետո էլ քննարկելու բան չմնա։
Ու դա երեք դեպքում էլ ոչ սիրուն է, ոչ էլ գեղեցիկ։
Հոլանդիայում իշխանությունը նույնիսկ փռշտալուց առաջ բոլոր բնակիչներին գրավոր նամակներով տեղեկացնում է։ Ասենք ուզում են այսինչ օրը այսինչ ժամին այսինչ փողոցում ինչ-որ աշխատանք կատարել կամ վերափոխման այսինչ ծրագիրն իրականացնել։ Իսկ մեզանում դա ադաթ չի նույնիսկ շատ ավելի մեծ հարցերում՝ մի այգու կամ շուկայի ավերում-վերաձևումից, Պանթեոնում ինչ-որ մեկի հսկա արձանով մեր իրական մեծերին ստվերելուց ու բնությունը վնասելուց սկսած մինչև երկրի ճակատագրին վերաբերող խոշորագույն հարցերը։

 

Ու այս ամենի հենքի վրա է՛լ ավելի ակնհայտ է դառնում Հայաստանի հակաճահճային restart-ի անհրաժեշտությունը։ Ու հրաշալի է, որ այդ restart-ն արդեն սկսվել է։ Մնում է, որ ամեն ինչ խելամիտ ու սրտացավ ձևով արվի։

 

Կեցցե՜ տեղեկացված ու խոհեմ Հայաստանը. կորչե՜ն ճահիճն ու կոռուպցիան։

 

Հրաչ Մարտիրոսյան