Ի՛նչ խոսք, նախորդ տարիների տարբեր կառավարությունների անդամ հանդիսացող մի շարք բառիս բուն իմաստով հանցագործ կենսագրություն ունեցող, կոռումպացված, կիսագրագետ, գողական արժեքներով առաջնորդվող, մականունավոր նախարարների ֆոնին նոր նշանակված նախարարներից շատերն իսկապես ՛՛երեխա՛՛ են ու անփորձ:

 

Չէ՞ որ մեր տեսած այդ նախարարները երթևեկել են ՛՛Յաշիկներով՛՛՝ իրենց հետևից ման տալով մի քանի հաստավզերի, հատուկ մեկ հոգի զբաղվել է նրանց ծխախոտի մնացուկը թափելու գործով, նրանք եղել են ՛՛հարց լուծող՛՛ տղերք՝ իրենց թաղում, փողոցում, քաղաքում...

 

Նրանք խոսել են ժողովրդի հետ՝ վերևից, արհամարհական, համարելով, որ գործ ունեն 10.000 դրամանոց օբյեկտի հետ, ում երբ ուզում առնում են, երբ ուզում՝ ծախում...

 

Այդ ֆոնի վրա իսկապես այս նոր նախարարներն անփորձ են...

 

Վե՛րջ տվեք: Գոնե 100 օր պետք է, որ նոր կառավարությանը ցուցաբերվի անվերապահ վստահություն, առավել ևս, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են:

 

Համաձայն եմ, որ նոր կառավարության անդամներն էլ անթերի չեն, ավելին՝ կունենան բացթողումներ ու սխալներ, բայց չեմ հավատում, որ նրանք նույնպես կդավանեն քրեաօլիգարխիկ համակարգի արժեհամակարգը և կնմանվնեն նախորդներին: Ուղղակի բացառում եմ դա...

 

Մարդկանց աշխատելու ժամանակ տվեք...

 

Նորայր Նորիկյան