Արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում Արցախը պետք է ներգրավվի հենց գործընթացում (այլ ոչ թե՝ գործընթացի ավարտից հետո) մասնակից լինելով համատեղ որոշման կայացմանը: Ի վերջո, Հայաստանը պետք է հասկացնի, որ չի կարող իր վրա վերցնել այնքան պատասխանատվություն, որպեսզի որոշի մի ամբողջ ժողովրդի կամարտահայտություն, որն ունի իր կողմից ձևավորած օրինական իշխանություն: Մանավանդ, եթե, ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչներն են պնդում՝ Հայաստանը չի դիտվում իբրև կոնֆլիկտի կողմ, ուրեմն, ըստ տրամաբանության, Արցախն է մյուս կողմն Ադրբեջանի հետ: Այդ դեպքում, առավելևս, Հայաստանը պետք է կարգավորման շուրջ բանակցությունը վերապահի Արցախին: Ժողովրդավարության տեսանկյունից էլ ճիշտը դա է, և այն պետք է օգտագործել:

Վերջապես, ժամանակը չէ՞, որ որոշ փոփոխություններ մտցնենք մեր մոտեցումներում: Մանավանդ, որ կա նոր իշխանություն, որը կարող է մի քիչ մանևրել: Նոր իշխանության փաստը կարող է ընկալելի դարձնել այդ մոտեցումը: Էլ չեմ ասում՝ լեգիտիմության այն մեծ ռեսուրսը, որով նա օժտված է, որքան կարևոր է միջազգային ասպարեզում, որն էլ մեծ հնարավորություն է տալիս վերը նշված ժողովրդավարության սկզբունքը կիրառելու տեսանկյունից:

Մյուս կողմից, իրական բանակցություն էլ չկա, և այնպես էլ չէ, որ մինչ այսօր այնքան առաջընթաց կար, որ հիմա նոր շեշտադրումները կարող են վնասել դրան: Առավել ևս, որ ապակառուցողականության գործում միշտ ակտիվ է եղել հենց Ադրբեջանը և «պատասխանատվությունն» էլ միշտ կիսել է Հայաստանի հետ միասին՝ ստանալով իր համար ցանկալի՝ «ԿՈՂՄԵՐԻՆ ուղղված միջազգային հորդորներ կառուցողականություն դրսևորելու և լարվածություն չհրահրելու» տեսքով:

Ուրեմն, ինչու՞ Հայաստանն էլ չպետք է որոշ վերանայումներ անի իր դիրքորոշման մեջ և լինի գործընթաց թելադրող, ոչ թե միայն դիմագրավի կամ հակադարձի ադրբեջանական գործողություններին: Ինչքա՞ն կարելի է միայն դիմագրավել ու հակադարձել. չէ՞ որ այն սպառում է ուժերը: Հետո էլ սկսում ենք սովորել ադրբեջանական գործողություններին և երբեմն նույնիսկ չենք էլ հակադարձում: Արդյունքում, ձևավորվում է նոր իրողություն և սկսում ենք այդ նոր իրողության դեմ պայքարել: