Ով, եթե ոչ Տեր-Պետրոսյանը պետք է խոսեր մեր իրականության մեջ քաղաքագիտական (ավելի շուտ՝ սահմանադրական իրավունքին հայտնի) cohabitation եզրույթի առկայության մասին: Դասական մոտեցում, որն արտահայտած անհատի ծանրակշիռ ներկայությունն այս պահին դաշտի համար խիստ կարևոր է: Իհարկե, սա գլոբալ առումով չի ազդի մասսայական էյֆորիայի ֆոնը սթափության վերափոխելու գործընթացի վրա, բայց վստահ եմ՝ շատերի համար օգտակար կլինի մասնագիտական և գործունեության ոլորտի տեսանկյունից։
Խնդրեմ, վայելեք մեջբերումը․

«Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունն իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեև խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական և կիսանախագահական հանրապետություններում, որոնք հայտնի են «համակեցություն» (cohabitation) տերմինով:

Դրանք այն դեպքերն են, երբ նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, մինչդեռ խորհրդարանում մեծամասնություն են կազմում մի այլ կուսակցության պատգամավորները: Դա չափազանց դժվարացնում է պետական մեքենայի անխափան գործունեությունը' հաճախ ստեղծելով ճգնաժամային իրավիճակներ: Հանրապետական կուսակցությունն, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնելու կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, և դատելով վերջին ելույթներից՝ նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը:

Ի՞նչ կարող է դրան հակադրել Փաշինյանի գլխավորած նորընտիր կառավարությունը: Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսևորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն արդյոք նա կարող է խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաև այսուհետև:

Ակնհայտ է, որ, ո՛չ, որովհետև այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, և բոլորովին այլ բան' վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետև դա կդիտվի որպես իշխանության մի թևի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների և թե՛ դրանց արդյունքում ձևավորված խորհրդարանի օրինակարգությունը:

Հետևաբար, ինչպես շատերն են գիտակցում, երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո»: