Ցանկացած քաղաքական ուժ, կիրթ և ժողովրդական առաջնորդի հոտառություն, զգացողություն և կազմակերպչական հատկություններ ունեցող անձերի կազմակերպված խումբ կարող է բողոքի ցույցեր և հանրային մեծ ու փոքր ծավալների «բունտեր, խռովություններ, հանրահավաքներ» անցկացնել: Բայց չպետք է այս բողոքի ակցիաները արգելքներ հարուցեն պետական մեքենայի բնականոն աշխատանքը, խաթարեն կրթամշակութայիմ համակարգի բնականոն ընթացքը: Արդեն իսկ սկսվում են բողոքի ակցիաներ հանրակրթական դպրոցներում, որոնք 4-5-րդ դասարանի երեխաներին կամ 9-րդ դասարանների երեխաներին ներգրավվում են որևիցե հարցի լուծմանը, և այստեղ հարց է առաջանում, թե արդյոք 4-5-րդ դասարանի երեխան ի՞նչ դերակատարում կարող է ունենալ քաղաքականության մեջ և դա մեզ ի վերջո ի՞նչ կտա, եթե իհարկե կտա:Այդ երեխաները մեր ապագան են, որոնք պետք է կրթվեն, զարգանան և հզորացնեն մեր պետությունը իրենց գիտելիքներով:

 

Պրն. Փաշինյանը հիրավի ժողովուրդի ընտրյալ թեկնածուն է, և այս դեպքում ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո պրն. Փաշինյանը իր առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է համարի ինչպես կրթամշակութային դաշտի ազատականացումը, այբպես էլ գործնական տիրապետություն հաստատի բոլոր ռազմավարական նշանակության պետաքաղաքական և կրթամշակութային կենտրոնների նկատմամբ: Պետք է դիմել նրան, որպեսզի լուծի ձեր իսկ առաջացած հարցերը: Ծնողների և ուսուցիչների միջամտությամբ դպրոցներում ցույց անելը լավ բանի չի հանգեցնի:Երեխաների մոտ կոտրում է հարգանքը ուսուցչի և տնօրենի նկատմամբ, այլևս չենք կարողանում ունենալ լծակներ երեխաների կարգապահությունը վերակագնելու համար և ունենալ դպրոցներում բնականոն ուսումնական դասընթացք: Հասկացե՛ք կադրային խնդիր կա և կլինի, քանի դեռ խնդրին խելամիտ հաշվարկով չենք մոտենում: Անրաժեշտ է սթափ մտածել: Կապ չունի անձնավորությունը, որ կուսակցությունից է: Եթե տվյալ քաղաքացին,պաշտոնյան պրոֆեսիոնալ մասնագետ է բառիս բուն իմաստով՝ առանց կեղծիքի, ապա այդ կադրերին պետք է պահել ու պահպանել՝ մինչև հասունացնենք նոր, ավելի հզոր սերունդ: Աստված պահապան մեր երկրին, գրին և գրչին, աշակերտին և ուսուցչին: Խաղաղությու՛ն և տրամաբանությու՛ն մեր երկրին:

 

Հրանտ Վիրաբյան