Վստահաբար կարելի է ասել, որ խորհրդարանի երեկվա նիստին հանրապետականների անփառունակ և ուղղակի ամոթալի կեցվածքը՝ դա «Խրախճանք ժանտախտի ժամանակ» դասական սյուժեի ամենավառ արտացոլումը կարելի է համարել, և այդ իրենց վերապահված դերերը հանրապետական պատգամավորները կատարեցին իրոք դերասանական մեծ փայլով և օսկառակիր կեցվածքով:

 

Սակայն ինչքան էլ այդ անձերը իրականության ընկալումից, երկրում տիրող իրողություններից բացարձակ կտրված լինեին, պատմությունը նրանց թերևս բացառիկ հնարավորություն էր ընձեռել՝ ազատվել վերջապես խայտառակ ընտրություններով պատգամավոր կարգված ահռելի բեռից՝ քվեարկելով ժողովրդի թեկնածուի օգտին, և ահա այդ խարանից մաքրված, գուցե նաև հերոսացած կերպարով դուրս գալ դեպի ժողովուրդը: Բայց ոչ՝ նրանք հլու-հնազանդ կատարեցին իրենց տերերի կողմից իջեցված պատվերը, պատմության մեջ մնացին որպես սովորական հաճախորդներ և անձնուրացաբար պաշտպանեցին այն քրեաօլիգարխիկ բուրգը, որն այլևս արագացված քանդվում է մեր բոլորիս աչքի առջև: