Հայաստանում երեկ տեղի ունեցածից ամենաշատ ուրախացողները նաև գիտական շրջանակներն էին՝ ազգագրագետները, քաղաքագետները, մշակութաբանները։ Քննարկման ու ուսումնասիրության բազմաթիվ հարուստ, հյութեղ նյութեր հայտնվեցին, որոնք հետագայում կարող են դասագրքային հրաշալի օրինակ դառնալ։ Ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում։ Էլ չասած, որ ամբողջ հետսովետական տիրույթն այսօր խոսում է սրա մասին։ Եվ այսպես՝ ի՞նչ տեղի ունեցավ երեկ։

Մեկ բառով ասած՝ երեկ Հայաստանում հանրային կարծիքը, հանրային գերակա շահն իսկապես հաղթանակեցին։ Հաղթանակեց ոչ թե ֆիկտիվ, ոչ թե արհեստական, այլ՝ ամենաառարկայական ձևով, ազդեցության ամենաբարձր մակարդակով։ Բազմաթիվ անգամ նշաձող սահմանած ու դրան չհասած քաղաքական ուժերը, քաղհասարակությունը սկսել էին արդեն համակերպվել, որ Հայաստանում փոփոխություն հնարավոր չէ։ Եվ որոշ շրջանակներ արդեն սովորել էին, որ գոնե մանր-մունր ակցիաները ծառայում են իրենց նպատակին՝ դա համարելով մեծագույն հաղթանակ։ Սակայն երեկ Հանրապետության հրապարակում արձանագրվեց Հայաստանի նորագույն պատմության երևի թե ամենալուսավոր կետը անկախություն ձեռք բերելուց հետո, Հայաստանում առաջին անգամ իշխանություն է փոխվում խաղաղ, ոչ բռնի հեղափոխության միջոցով, ասել է, թե՝ թավշյա հեղափոխություն։ Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժաական տվեց, ինչը նշանակում է, որ Հայաստանում պետք է տեղի ունենան փոփոխություններ, որոնք անշրջելի են, անխուսափելի են։ Փոփոխությունը միշտ չէ, որ բարիք է բերում, սակայն այն անհրաժեշտ է։ Այն թթվածին է, որը պետք է ստանա պետությունը՝ որպես մեկ միասնական օրգանիզմ։ Նա պետք է շնչի, որպեսզի չդադարի գոյություն ունենալուց։ Հուսանք, որ այս հեղափոխությունը, որի համար հայ ժողովուրդը թանկ գին չվճարեց, սակայն հրաշալի միասնականություն դրսևորեց, կծառայի մեր երկրում բարիքի, հանդուրժողականության ու սիրո տարածման հարթակ։