Թուրքիայի պատվիրակությունն Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիին առաջարկել է խորհրդարանական մակարդակով ընդլայնել համագործակցությունը՝ եռակողմ կամ քառակողմ ձևաչափով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մամլո ծառայությունը։

Կիևում հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Վոլկան Բոզքըրը առաջարկել է համագործակցել Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա կամ Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափով։

Գերագույն Ռադայի նախագահն ասել է, որ աջակցում է տարածաշրջանային համագործակցությանը, մասնավորապես՝ բալթյան-սևծովյան շրջանում, և Կիևին հետաքրքրում է ցանկացած նոր ձևաչափ։ Նրա կարծիքով՝ դա կնպաստի տնտեսական և քաղաքական համագործակցության զարգացմանը։

Այս ֆորմատն ունենալու է աշխարհաքաղաքական ու էներգետիկ-տնտեսական, ռազմական բաղադրիչներ։
Աշխարհաքաղաքական իմաստով' Ուկրաինան, Վրաստանն ու Ադրբեջանը ՎՈւԱՄ անդամ երկիր են, ունեն չկարգավորված հակամարտություններ' Ղարաբաղ, Ղրիմ, Դոնբաս, Աբխազիա, Հվ. Օսիա, այսինքն՝ միջազգային հարթակներում քվեարկելու են միմյանց օգտին' տարածքային ամբողջականությանը կողմ և հանդես են գալու ՀՀ դիրքորոշման դեմ։

Բացի այդ՝ Թուրքիան չի ճանաչել Ղրիմի միացումը ՌԴ-ին․ Անկարան հանդես է եկել Ղրիմի թաթարների պաշտպանությամբ ու շարունակելու է իր պանթուրքիստական նկրտումները տարածել Ղրիմի ուղղությամբ։ Այստեղ հակառուսական հարթակը Թուրքիայի ու Ուկրաինայի համար միավորիչ է լինելու։

Ադրբեջան-Ուկրաինա հարաբերություններն ակտիվորեն զարգանում են։ Կասպից ծով-Սև ծով էներգետիկ-տրանսպորտային միջանցքի շրջանակներում Բաքուն նավթ է առաքում Ուկրաինային, բացի այդ՝ տարբեր զինատեսակներ է գնում Կիևից ու զինվում Ղարաբաղի դեմ։ Այսինքն՝ Կիև-Բաքու ռազմական համագործակցությունն ուղղված է լինելու Արցախի-ՀՀ-ի անվտանգության դեմ։ Բացի այդ՝ Թուրքիան զինում է նաև Ուկրաինային, համատեղ զորավարժություններ անցկացնում ու ունի տնտեսական շահեր ուկրաինական շուկայում։ Սև ծովում ՌԴ-ի դեմ գործելու համար Ուկրաինան պետք է հենվի սևծովյան հզոր որևէ երկրի վրա, իսկ այդ երկիրը Թուրքիան է։

Թուրքիա-Ադրբեջան ֆորմատն էլ վաղուց բոլորին հայտնի է' ռազմա-քաղաքական, էներգետիկ-տնտեսական տանդեմն աշխատում է ՀՀ-ի դեմ։
Այսպիսով՝ Թուրքիա-Ուկրաինա-Ադրբեջան–Վրաստան ֆորմատն ունենալու է հստակ աշխարհաքաղաքական հիմք' հակառուսական, ՌԴ-ի ազդեցության թուլացում, իսկ Անկարա-Բաքու տանդեմի համար' նաև հակահայկական ռազմավարություն։

Անկարա-Կիև-Բաքու հարաբերությունների հիմքում հստակ է լինելու նաև տնտեսական շահը' Ուկրաինան ցանկանում է նավթ և գազ ստանալ Ադրբեջանից ու կասպյան երկրներից, իսկ Բաքուն ՌԴ-ին զուգահեռ զենքի ու ռազմա-տեխնիական համագործակցության նոր գործընկեր կունենա։