Որ ասում են՝ «աննախադեպ», քիչըմ համաձայն չեմ, թեպետ հասկանալի է, որ ամեն նման շարժում, հրապարակային ակտիվություն իր զարգացման ընթացքը և ուղին ունի, իր յուրահատկությունները: Բացատրեմ, թե ինչու քիչըմ համաձայն չեմ հարգելի ընկերներից մեկին զայրացնող «աննախադեպ»-ին:


Մոտ երկու տարի առաջ, ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուն հաջորդած շրջանում ամենատարբեր անձիք բողոքի կամ աջակցության (ոնց ձեզ հարմար է) ակցիաներ նախաձեռնեցին ու անցկացրեցին: Համարյա երկու շաբաթ անդադար: Եվ էլի, համարյա երկու շաբաթ անդադար այդ ամենը ուղիղ հեռարձակվում էր նույն »ազատությունով» ու այլ կայքերով, անվերջ կոչեր էին հնչում՝ ուղղված հասարակությանը, քաղաքածիներին՝ միանալ, ելնել փողոց և այլն:


Ի դեպ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ես չեմ նկատում ցուցարարների թվի շոշափելի փոփոխություն՝ նման կոչերի արդյունքում: Թիվը հիմնականում կայուն է՝ ինչպես ասվում է՝ անխուսափելի «պլյուս-մինուս»-ով:


Բովանդակային ու վարքագծի առումով, իհարկե, զուգահեռները տեղին չեն: Բայց զուտ ժամանակի (տևողության) առումով նման մի բան արդեն տեսել ենք: Այսինքն՝ այնքան էլ աննախադեպ չէ, իմ ընկալմամբ ու՝ առայժմ:


Կարելի էր, իհարկե, հիշատակել նաև «էլեկտրիկ Երևանը», երբ բավականին երկար մի ժամանակահատված մայրաքաղաքի հիմնական մայրուղիներից մեկը շրջափակված մնաց: Այսինքն էլի՝ նման մի բան եղել է: Կարելի էր մի քիչ էլ հեռուն գնալ և հիշատակել նախկին նախագահ Լ,Տեր-Պետրոսյանի՝ 2008թ, շուրջօրյա հավաքները, որ մոտ 10 օր շարունակվեցին:
Ինչ վերաբերում է ներկային, ապա մնում է բոլորիս մաղթել, որ այս ամբողջ անցուդարձը հանկարծ բախման ու արյունոտ ընթացք չունենա:

 

Արմեն Հակոբյան