Ադրբեջանն ու Պակիստանը 2019-ին կարող են համաձայնագիր ստորագրել 10JF-17 կործանիչ-ռմբակոծիչ ձեռք բերելու մասին: Այդ մասին հայտնել է Pakistan Aeronautical Complex (PAC)-ի ներկայացուցիչը:


«Ադրբեջանին հետաքրքրող մոդիֆիկացիան՝ JF-17 Block 3-ն, արդեն պատրաստ է: Կործանիչների համար ընտրվել է AESA համակարգի ռադար և առաջիկայում կսկսվեն փորձարկումները: Գնման պայմանագիրը կարող է ստորագրվել 2019-ին »,-ասել է արտադրող ընկերության ներկայացուցիչը:

 

Նա նշել է, որ սերիական արտադրությունը կսկսվի 2019-ի վերջում կամ 2020-ի սկզբին:
Ըստ ընկերության ներկայացուցչի, բոլոր տեխնիկական հարցերը, որոնք կարող են ազդել Ադրբեջանին կործանիչների վաճառքի վրա, լուծված են: «Մինչև 2018-ի ավարտը նախատեսվում է ներկայացնել ինքնաթիռն Ադրբեջանին և էլի որոշ պատվիրատուների: Ադրբեջանական կողմն, իր հերթին, պետք է լուծի գործարքի ֆինանսավորման հարցերը»,-ասել է նա:

 

Իսլամաբադի ու Բաքվի կապերն ունեն նաև տնտեսա–քաղաքական հենք։

 

Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրա-տնտեսական կապերը մոտակա հինգ տարվա ընթացքում կես միլարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։ Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։


Պակիստանը միջուկային տերություն հանդիսանալով բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:

 

Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին: Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ'սուննի մեկ այլ պետության, միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար' Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։ Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառման շուկա. անգամ փոքր խմբաքանակի ապրանքների վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։

 

Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով. շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան-Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան-Պակիստան երկաթգծին։ Բացի այդ՝ Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով'Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։

 

Այսպիսով, Պակիստանը կարող է դառնալ «երկրորդ Իսրայելը» Բաքվի համար՝ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով:

 

Արտյոմ Բալասանով