Բելառուսի պաշտպանության նախարարությունում «Կոմերսանտ» թերթին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, թե Բելառուսը 2018 թվականին պատրաստվում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) արտահանել այլ երկրներ, և հավանական պատվիրատուն Ադրբեջանն է: Ըստ տեղեկությունների՝ առաջին պայմանագրով Ադրբեջանին կմատակարարվի «Պոլոնեզի» 10 կոմպլեկտ, որի մեջ մտնում են հրթիռները, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, կառավարման կետը, ռադիոտեղորոշիչ կայանները և այլն:

Նշենք, որ Մինսկը հետաքրքրված է Ադրբեջանի հետ տնտեսական, էներգետիկ–տրանսպորտային կապերի խորացմամբ`դրանից բխում է նաև ռազմա–տեխնիկական համագործակցությունը`վճարունակ Բաքուն պատրաստ է զենք գնել ցանկացած երկրից, այդ թվում ՀԱՊԿ–ի անդամ Բելառուսից, որը ֆորմալ առումով ՀՀ–ի դաշնակիցն է`ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ հարթակները հաշվի առնելով։
Հիշեցնենք, որ Բելառուսն Ադրբեջան է արտահանում մեքենաշինական արտադրանք, դեղորայք, սննդամթերք և այլն: Բելառուսն Ադրբեջանից ներկրում է ալյումին, նավթամթերք, գյուղատնտեսական արտադրանք:

Ադրբեջանում գործում է բելառուսական կապիտալով ձեռնարկություններ, իսկ Բելառուսում գործում է ադրբեջանական կապիտալով բազմաթիվ ընկերություններ։
Երկու երկրների արտադրական կոոպերացիայի առաջատարը Գյանջայի ավտոմոբիլային գործարանն է, որտեղ 9 տարվա ընթացքում արտադրվել է 6.5 հազար Բելառուս տրակտորներ և ավելի քան երեք հազար ՄԱԶ բեռնատարներ: Ադրբեջանը Բելառուս է արտահանում նաև նավթ ու նավթամթերք:

ՌԴ–ի կողմից ՀՀ–ին Իսկանդեր համակարգերի առաքումից հետո Ադրբեջանը սկսել է այդ զինատեսակի «հակաթույնը» գտնելու կամ գոնե որոշ չափով հավասարակշռելու քաղաքականությունը։ Եթե Բելառուսից հաջողվի գնել այդ զինատեսակները, դա ազդելու է ռազմական ուժերի բալանսի վրա`Բաքուն այդ զինատեսակն ուղղել է ՀՀ–ի ու ԼՂՀ–ի ռազմավարական օբյեկտներին։ ՀՀ–ի կողմից Իսկանդերներն Ադրբեջանի դեմ կիրառելու պարագայում Բաքուն ի պատասխան կիրառելու է Պոլոնեզը։

Երևանը բոլոր հնարավոր խողովակներով պետք է հասկացնել տա Բելառուսին, որ այդպիսի ռազմավարական նշանակություն ունեցող զինատեսակների վաճառքը վնասում է ղարաբաղյան հակամարտության գործընթացին։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ–ն`հանդիսանալով ՀՀ–ի դաշնակիցը զենքեր է մատակարարում Բաքվին, Մինսկը հանգիստ կարող է հայտարարել, որ եթե Մոսկվան զենք է մատակարարում հակամարտության երկու կողմերին, ապա ինչու Մինսկը չի կարող դա անել`մեկնաբանությունը կլինի այն, որ դա զուտ բիզնես է։

Հաշվի առնելով Բելառուսի կառավարման համակարգը`եթե Լուկաշենկոն Ալիևի հետ պայմանավորվել է, ապա Պոլոնեզը մատակարարվելու է`այդ գործարքի խափանման վրա ազդելը բարդ է լինելու։